ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 24-ինաշխատանքային այցով եղել է 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, զրուցել է զինաձնակազմի հետ, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով, սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել է նրանց պարտականության և մարտավարամասնագիտական գիտելիքների իմացության մակարդակը:

 

Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է զրահատեխնիկայի նորոգման բազայում, զրահատանկային տեխնիկայի պահպանման պահեստներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին, հրամկազմի հետ քննարկել է առկա խնդիրները, ինչպես նաև ստուգել է նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների կատարման ընթացքը: Պաշտպանության նախարարին են ներկայացվել զորամասի հիմնավոր վերակառուցման աշխատանքները:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է նաև նոր ու բացառիկ հնարավորություններով ավտոհավաքակայանի բացման հանդիսավոր արարողությանը:

 

Սեյրան Օհանյանի շրջայցը համընկել է մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների ստուգատեսի հետ: Ելույթ ունենալով շարահրապարակում շարված զինծառայողների առջև և շնորհավորելով նոր ավտոհավաքակայանի բացման ու մարտական հերթափոխի ստանձնման կապակցությամբ' պաշտպանության նախարարը սպաներին ու զինվորներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մարտական հերթափոխի ճշգրիտ իրականացումը մարտական խնդրի կատարման կարևորագույն բաղադրիչներից է, ինչը պետք է քաջ գիտակցի հայրենիքի սահմանների պահպանությունն ստանձնող յուրանքանչյուր զինծառայող:

 

Սեյրան Օհանյանը զինծառայողներին է ներկայացրել նաև զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել է հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների, հակառակորդի որդեգրած ագրեսիվ ու մտացածին քաղաքականության մասին:

 

Շրջայցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: