ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

 

Հոբելյանի կապակցությամբ, թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար, Հանրապետության Նախագահը Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ պետական պարգևի՝ Երախտագիտության մեդալի են արժանացել նաև թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանը՝ թերթի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը շնորհավորել է թերթի խմբագրակազմին և ընթերցողներին հոբելյանի առթիվ, մաղթել հաջողություն և արգասաբեր աշխատանք:

 

ՀՀ Նախագահը նաև ելույթ է ունեցել, որում շնորհավորել է «Իրավունք» թերթին 25-ամյակի կապակցությամբ.

«Հարգելի՛ բարեկամներ,

Սիրելի՛ իրավունքցիներ, տիկնայք և պարոնայք,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:

 

Քսանհինգ տարին պատկառելի տարիք է որևէ հաստատության համար, լրատվամիջոցի համար՝ առավել ևս: «Իրավունք»-ը, փաստորեն, դարձավ մեր անցած քսանհինգ տարիների պատմության վկաներից մեկը: Վաղը շատ պատմաբաններ փորձելու են վերականգնել մեր անցած ճանապարհը նաև «Իրավունք»-ի նյութերով: Նրանք ուսումնասիրելու են դրանք, համադրելու են այլ աղբյուրների ու վկայությունների հետ, փորձելու են գնահատական տալ անկախ Հայաստանի պատմությանը:

 

Իսկ դա փառահեղ պատմություն է. պայքարի, մաքառման, տոկունության և հաղթանակի պատմություն է: Նման պատմությամբ վստահորեն կարելի է հպարտանալ:

Մենք՝ բոլորս միասին, որևէ դժվարության առջև չընկրկեցինք: Ընդհակառակը՝ մենք համառ էինք մեր նպատակներն ու իղձերը կյանքի կոչելու մեջ:

 

Մարդու կյանքում առաջին քսանհինգ տարին, ամենայն հավանականությամբ, ամենաերջանիկ, անհոգ և ուրախ տարիներն են: Քսանհինգ տարեկանում բոլորս էլ կյանք ենք մտել՝ ուրվագծելով մեր երազանքի ճանապարհը: Ամեն մեկի մոտ տարբեր է ստացվել: Սակայն նրանք, ովքեր իրենց համար հստակ նպատակներ էին սահմանել, միշտ էլ հետագայում հաջողության են հասել:

 

Անշուշտ, թերթի այդ նույն առաջին քսանհինգ տարիների շրջանն այդքան անհոգ չէր կարող լինել: Թերթի համար, վստահ եմ, դա հաստատման, կայացման, զարգացման, անշուշտ, նաև պայքարի տարիներ էին: Այսօր, կարծում եմ, «Իրավունք»-ն իրավամբ իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ազատ լրատվական դաշտում:

 

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք պետք է ճանաչենք, որ այսօր մեր ազգային պետության շենքը կանգուն է նաև լրատվամիջոցների ազատ աշխատանքի շնորհիվ: Դա մեր պետության ու հասարակության կարևորագույն և ամենաամուր հիմնասյուներից մեկն է:

 

Այս տարվա սկզբին ես մեկ այլ առիթով ասել եմ, որ մեր երկրում եղած խնդիրների ազատ քննարկումը ոչ թե մեր թուլության, այլ մեր ուժի վկայությունն է: Այն, որ մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, կրկին, միայն ու միայն մեր ուժն է վկայում:

 

Իհարկե, խոսքի ուժը հզոր է: Գևորգ Էմինի տված սահմանումը շատ դիպուկ է.

«Խոսքը զենքի պես զգու՜յշ գործածիր,

Երբ խառն է դարը.

Նույն արճիճի՜ց են ձուլում, իմացի՜ր,

Գնդակն ու ... տառը»:

 

Այսօր, իհարկե, աշխարհը շատ է փոխվել, և տառն արդեն չեն ձուլում, իսկ թերթերը շարում են համակարգիչների միջոցով: Բայց խոսքի ուժը շարունակում է մնալ հզոր:

 

Ես ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի ուժը կերտում է, զտում է, օգնում է մեզ կատարելագործվել: Իսկ առկա թերություններն էլ շատ դեպքերում բավականին դառը այդ դեղամիջոցի կողմնակի հետևանքներն են:

 

Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ վերահաստատում եմ մեր իշխանությունների հավատարմությունը խոսքի և լրատվամիջոցների ազատությանը: Լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեությունը լավագույնս պաշտպանված է մեր երկրի օրենսդրությամբ: Վերջին տարիների ընթացքում այն հետևողականորեն կատարելագործվել է՝ հետևելով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում միջազգային և եվրոպական լավագույն փորձին:

 

Այսօր զգալիորեն նվազել են լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը: Այդ առումով հատկապես կարևորում եմ, որ լուրջ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի մեր իրականությունից վերանա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառելու զազրելի երևույթը: Ուրախալի է, որ մեր երկրում առկա այս դրական միտումները ճանաչվել են այս ոլորտը գնահատող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում:

 

Սրանք բոլորը միտումներ են, որոնք անհրաժեշտ է ամրապնդել և զարգացնել: Այդ միտումները ցույց են տալիս, որ խոսքի ազատությունը մեր երկրում անշրջելի իրողություն է: Մեր խնդիրն է, ոչ միայն պահպանել եղածը, այլև զարգացնել այն՝ համադրելով բոլորիս ջանքերը:

 

Սիրելի՛ իրավունքցիներ,

Խոսքս ամփոփելով՝ կրկին սիրով շնորհավորում եմ ձեզ՝ ձեր թերթի այս հոբելյանի կապակցությամբ: Պատմաբաններն ասում են, որ քսանհինգ տարին այն ժամանակահատվածն է, որի ընթացքում նոր սերունդ է ձևավորվում:

 

Հուսով եմ, որ ձեր թերթն ընթերցելու են ազատ ու անկախ Հայաստանի շատ-շատ նոր սերունդներ:

Հաջողություն, արգասաբեր աշխատանք և, անշուշտ, կանաչ ճանապարհ եմ մաղթում «Իրավունք»-ին՝ ի շահ մեր երկրի և հասարակության: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեր քսանհինգամյա դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը»: