Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը կմասնակցեն միջազգային մի շարք օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ և պաշտոնյա այրեր:

«Մենք չպետք է մոռանանք, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Փորձել ենք ՀԱՕԿ 25-ամյակի միջոցառումները սահմանափակել, այն կկրի միայն մարզական բնույթ: Ի սկզբանե ամեն ինչ նախատեսված էր ավելի մեծ մաշտաբի, սակայն ամեն ինչ ավելի զուսպ կարվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Վերջինիս խոսքով՝ ՀԱՕԿ-ի համար կարևոր է այն հանգամանքը, որ ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25-ամյակին մասնակցում են այնպիսի օլիմպիական կոմիտեների նախագահներ, ինչպես Մոնտենեգրոյի օլիմպիական կոմիտեի նախագահը, Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարը և փոխնախագահը: «Նման մեծ և փոքր պետությունների ներկայացուցիչների մասնակցությունը խթան կհանդիսանա Հայաստանի դերի բարձրացմանը միջազգային օլիմպիական կազմակերպություններում»,- շեշտեց Ռոստոմյանը:

«Ես ինքս, այսքան տարի շրջելով աշխարհով մեկ, չեմ տեսել նմանատիպ ազգային Օլիմպիական կոմիտե: Սեպտեմբերի 29-ին շահագործման կհանձնվեն ադմինիստրատիվ շենքը, մարզադպրոցը և հյուրանոցը»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը չի մասնակցի ՀԱՕԿ հիմնադրաման 25-ամյակին նվիրված միջոցառմանը, քանի որ Նյու Յորքում ներկա է լինելու ՄԱԿ-ի վեհաժողովին, որտեղ կքննարկվեն նաև սպորտին վերաբերվող հարցեր:

Ընդհանուր առմամբ ՀԱՕԿ-ի 25-ամյակին կմասնակցեն արտերկրից ժամանած ավելի քան 70 հյուրեր: