Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նորանշանակ գլխավոր խորհրդատու, հայազգի լրագրող-գրող Էթյեն Մահչուպյանը հույս է հայտնել, որ նոր պաշտոնում կկարողանա նպաստել Թուրքայի նոր ուղղությամբ զարգացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մահչուպյանը խոսել է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի հետ զրույցում:

 

Որպես Թուրքիայի ամենակարևոր հիմնական հարց նա առանձնացրել է «քրդական հարցը» և «բյուրոկրատական մենթալիտետը»: Մահչուպյանը նշել է, որ 20 տարուց ավելի իր ծավալած լրագրողական գործունեությունն ուղղված է եղել քաղաքականությանը որևէ կերպ ազդելուն, այդ իսկ պատճառով անմիջապես ընդունել է խորհրդական լինելու առաջարկը:

 

«Այսօր Թուրքիան կանգնած է այնպիսի կետում, որ ցանկացած մեկը, ով կտրականապես դեմ չէ որևէ կուսակցության կամ հատվածի գաղափարախոսությանը, պետք է ընդուներ այդ առաջարկը»,- ասել է Մահչուպյանը:

 

Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թուրքահայ լրագրող Էթյեն Մահչուփյանին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Դավութօղլուն և Մահչուփյանը ծանոթ են շատ վաղուց: Նրանք հաճախ հանդիպել են դեռևս այն ժամանակ, երբ Դավութօղլուն գլխավորում էր Թուրքիայի արտաքին գերատեսչությունը: Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, որ Մահչուփյանին իր գլխավոր խորհրդական է նշանակել նրա «մտավորական ինքնության» համար: Էթյեն Մահչուփյանը Թուրքիայի Նախագահի և վարչապետի խորհրդականների մեջ առաջին «ոչ մահմեդական խորհրդականն է»: