ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին' ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել հայ հոգեւոր մշակույթի ճանաչմանն ուղղված նրա գործունեությունը:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հոգեւոր արժեքների պահպանությունը եւ նշել, որ Իտալիայի Մխիթարյան միաբանությունը ՝ որպես գրատպության եւ կրթության գիտամշակութային կենտրոն, հարյուրամյակներ շարունակ հայրենանվեր առաքելություն է իրականացրել: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ ՝ ընդգծելով կարդինալի դերն այդ համագործակցության սերտացման գործում:
Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի մասին եւ խստորեն դատապարտել Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այդ օրերին ամբողջ աշխարհից Հայաստան ժամանող պաշտոնյաների ներկայությունը կլինի համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը, քանի որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր:
Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան եւ տպավորված է հայկական մշակույթով: Նա նշել է, որ կարեւորում է հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանությունը եւ նույնիսկ հայկական խաչքարերի պահպանման հարցով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ եւ Սուրբ Աթոռի միջեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ հոգեւոր-մշակությաին համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: