ՀՀ ԱԺ նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ին այցելել է բուհ՝ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիսավոր միջոցառմանը համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդարանի ղեկավարին հանձնել է Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալ: «Համալսարանի բարձրագույն պարգեւին արժանանալը մեծ պատիվ է»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու հավելել, որ այն, պարտավորեցնող լինելուց բացի, առանձնահատուկ խորհուրդ ունի:

 

 

Օրենսդրի ղեկավարը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանն այն շտեմարանն է, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները: Իսկ որպես կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանն իր գործընկերներին ուղղված խոսքում եւս մեկ անգամ վերահաստատել է, որ իր համար ամենաբարձր պաշտոնը եղել եւ մնում է մանկավարժի կոչումն ու ընդգծել, որ համալսարանը գտնվելու է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում:

 

 

Նշենք, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ձեռնունայն չէր այցելել համալսարան: Խորհրդարանի ղեկավարը գիտության, կրթության ոլորտում ներդրած մեծ եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար բուհի 15 դասախոսի պարգեւատրել է ԱԺ պատվոգրով: