«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս տարածաշրջանային և աշխարհում ընթացող բոլոր պրոցեսների մեջ տնտեսությունը կայուն զարգացում ապրի, բայց բոլորդ գիտեք, որ մենք գտնվում ենք Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պայմաններում, ինչը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա»,- այսօր ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հարցին, թե Ռուսաստանի տնտեսական ոչ բարենպաստ վիճակը ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, վարչապետը պատասխանել է. «Ինչքան այդ սանկցիաները երկար տևեն, այնքան շատ»:

 

Ուզում եմ հիշեցնել, որ սա նույն այն վարչապետն է, ով ամիսներ առաջ բիզնեսմենի ինքնավստահությամբ պնդում էր, թե Ռուսաստան-Արևմուտք հակադրությունն ու փոխադարձ պատժամիջոցները կարող են նույնիսկ օգտակար լինել մեզ համար, որովհետև հայկական մրգի համար շուկաներ են բացվում:

 

Հետո պարզվեց, իհարկե, որ մենք արտահանելու բան չունենք, ու վարչապետի այս հայտարությունը պոպուլիզմի հերթական դրսևորում էր:
Իրանական այցի համատեքստում վարչապետն ակտիվորեն մի թեզ էր շրջանառում, թե Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նոր հեռանկարներ է բացում ներդրումների համար: Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի սահմաններից դուրս որևէ բանական մարդ այս հեքիաթին չի հավատա:

 

Նախ, ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի բերելու Հայաստանի տնտեսության համակարգային բարեփոխմանը. այն շաուրնակելու է մնալ մենաշնորհային, ըստ այդմ՝ ոչ գրավիչ (տնտեսության մոդեռնիզացիա չի նկատվում ԵԱՏՄ անդամ որևէ երկրում):

 

Երկրորդը, ոչ մի լուրջ ներդրող փողեր չի դնի մի տնտեսության մեջ, որը ռիսկային է, իսկ մերը հենց այդպիսինն է հատկապես եվրասիական տարածքին մաս կազմելուց հետո, որովհետև մեծապես ազդվելու է այն ցնցումներից, որն անխուսափելիորեն սպառնում է ռուսական տնտեսությանը՝ միջազգային պատժամիջոցների ու նավթի համաշխարհային գների անկման հետևանքով:

 

Վերևում բերված օրինակները հաստատում են, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չունի երկրի զարգացման երկարաժամկետ ծրագիր, ու վարքագծային հակասությունները դրա հետևանք են: Դրանում կարելի է համոզվել նաև ավելի լոկալ օրինակների վրա:

 

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը քննադատում էր իր նախորդի կենսաթոշակային բարեփոխումը, սակայն առաջարկվող լուծումերը մնացին կիսատ-պռատության մակարդակում: Ավելին, առաջին անգամ, օրենքի մակարդակով, Հայաստանի քաղաքացիներն ենթարկվեցին խտրական վերաբերմունքի՝ պետական ու մասնավոր սեկտորներում աշխատելու առումով: Սա պատճառ դարձավ, որ երիտասարդ հեռանկարային մասնագետների արտահոսք լինի պետական հիմնարկներից, ԲՈւՀ-երից:

 

Իր պաշտոնավարման արշալույսին վարչապետը «խաչակրաց արշավանք» նախաձեռնեց օլիգարխների ու նրանց «ստվերի» դեմ: Օլիգարխներն ու ստվերը մնացին, հարկահավաքության ոլորտում առաջացան խնդիրներ, որոնք այլևս հնարավոր չէր թաքցնել:


Այդ բացը փորձեցին լուծել՝ «Շրջանառության մասին» օրենքում փոփոխություններ կատարելով. հանդիպեցին առևտրականների դիմադրությանը: Օրենքը չփոխվեց, բայց հայավարի չի կիրառվելու մինչև փետրվար: Նույն կիսատ-պռատությունն է, կոնյուկտուրայի թելադրանքը:

 

Նույնը հիմա կատարվում է հղիության նպաստների հարցում:

Պետությունը դրանք որոշել է կրճատել, հղիները բողոքում են:

 

Էլի մի կիսատ-պռատ լուծում կգտնվի, այս շարժումն էլ կպառակտվի՝ «Դեմ եմ»-ի կամ առևտրականների օրինակով: Այս մի խնդիրն Արգամիչը հաջողությամբ լուծում է. դա էլ, հո, տնտեսական ճգնաժամի հաղթահարո՞ւմ չի, որ անլուծելի լինի:

 

Էս կիսատ-պռատությունն ավելի է խորացնում այն ճգնաժամը, որ առկա է Հայաստանում: Նախագահի տված քարտ-բլանշը կամ խորհրդարանական մեծամասնության «խոնարհ» կոճակները կառավարությանը չեն փրկելու, որովհետև տնտեսությունը հյուծող վիրուսը արագ տարածվում է՝ անխնա գտնվելով նաև վարչապետի ու նրա կաբինետի հանդեպ:

 

Մի օր օրակարգում հայտնվելու է «ո՞վ է պատասխանատու» հարցադրումը՝ հայտնի վերջաբանով…

 

Սուրեն Սուրենյանց