Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա սեպտեմբերի 26-ից առայսօր ստացիոնար բուժում էր անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը պարբերաբար բուժօգնություն էր ստանում Երևանում:

 

Մեկամսյա հիվանդանոցային բուժման ընթացքում Արսենն անցել է անհրաժեշտ բուժման կուրսը: Այս պահին, ըստ բժիշկ-մասնագետի, հիվանդությունը ռեմիսիայի (հետզարգացման) փուլում է: Նշանակված համապատասխան դեղորայքի ընդունումը Արսեն Խոջոյանը կշարունակի տնային պայմաններում' միաժամանակ գտնվելով գիտաբժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության ներքո' 15-օրյա պ արբերականությամբ հետազոտություն անցնելով նույն բուժհաստատությունում:

 

Մարտի 7-ին' 12:30-ի սահմաններում, Թովուզում տեղաբնակները գերեվարել են խիտ ամպամածության պատճառով մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանը հատած Տավուշի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա հովիվ Արսեն Խոջոյանին: Գերեվարված հայ երիտասարդին բնակիչներն անմիջապես հանձնել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին: Արսեն Խոջոյանը ադրբեջանական գերությունից մարտի 4-ին վերադարձված եւ այնտեղ խոշտանգումների ենթարկված Հայաստանի 77-ամյա քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է: Ապրիլի 10-ին Արսեն Խոջոյոնը հայրենիք է վերադարձվել: