ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Oրենսդիր մարմինը մեկ ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքը, որով Արցախի Հանրապետությունը սկսում է միջա զգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միակողմանիորեն միանալու գործընթացը։

 

Խորհրդարանը հաստատել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և դրա հետ կապված օրենքների փաթեթը: Օրակարգային հաջորդ հարցը երկրոդ ընթերցմամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի» ընդունումն է եղել, որով, ի թիվս մի շարք փոփոխությունների, հավանության է արժանացել խորհրդարանական հաջորդ ընտրություններում խառը ընտրակարգի նոր հարաբերակցությունը' 22 համամասնական և 11 մեծամասնական պատգամավորական տեղերով:

 

ԱԺ նիստի օրակարգում են եղել ԼՂՀ Նախագահի կողմից խորհրդարան ներկայացված ԼՂՀ Գլխավոր դատախազի և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցերը: Գաղտնի քվեարկության արդյունքում Արթուր Արմենի Մոսիյանը նշանակվել է գլխավոր դատախազ (24 կողմ, 2 դեմ, 2 անվավեր), Էռնեստ Ալեքսեյի Ավանեսյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահ (25 կողմ, 2 դեմ, 1 անվավեր): Նիստի ավարտին խորհրադարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակեց Արթուր Մոսիյանին՝ ԼՂՀ Գլխավոր դատախազ և Էռնեստ Ավանեսյանին՝ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու մասին ԼՂՀ Ազգային ժողովի որոշումները։