Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հրամանով Նախագահի խորհրդական Յունիսին պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատվին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Ճաշկերույթին ներկա էին Իրանի 3 թեմերի առաջնորդները, պատգամավորներ, կրոնական փոքրամասնություննե րի հոգևոր պետերը, ինչպես նաև ազգային իշխանության ներկայացուցիչներ:
Իրանի Նախագահի խորհրդական Յունիսին ողջունել է Վեհափառ Հայրապետին, այնուհետև նշել Իրանի Իսլամական Հանրապետության և Կիլիկիո Կաթողիկոսության միջև երկար տարիների սերտ համագործակցության մասին:
Վեհափառ Հայրապետն իր հերթին շեշտել է համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ իսլամի և քրիստոնեության, ինչպես նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև:
Վեհափառը Յունիսիի հետ մտերմիկ զրույցի ընթացքում ուշադրության է արժանացրել իրանահայության առնչվող որոշ մտահոգություններ: Յունիսին խոստացել է անհրաժեշտ լուծումներ տալ դրանց:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հոկտեմբերի 15-ի առավոտյան հովվապետական այցելությամբ մեկնել է Իրան: Վեհափառ Հայրապետը Թեհրանում և Նոր Ջուղայում այցելել է եկեղեցիներ և դպրոցներ, հանդիպումներ ունեցել թեմական մարմինների ու պետական պատասխանատուների հետ:
Վեհափառ Հայրապետի այցելությունը կտևի 2 շաբաթ: