Արմեն Գևորգյանը դարձել է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») նոր ղեկավարը: Այս մասին «Արմենպրես»-ի տեղեկացին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամից:
«IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախաձեռնություններ Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի համար, որոնք ուղղված են պայմանների ստեղծմանը հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի ապահովման համար: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք գտնվում են իրականացման տարբեր փուլերում, ինչպես նաև նոր գաղափարներ ու նախագծեր: Վստահ եմ, որ Արմեն Գևորգյանն ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր ծրագրերը հետևողականորեն կյանքի կոչելու համար», - ասել է Ռուբեն Վարդանյանը:
«Աշխատելով Հայաստանի կառավարությունում՝ ես համագործակցել եմ Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների հետ «Տաթևի վերածնունդ» ծրագրի, UWC Dilijan College միջազգային դպրոցի կառուցման և բազմաթիվ այլ բարեգործական նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: Այդ ծրագրերը փոխակերպում են Հայաստանը՝ այն դարձնելով առավել հետաքրքիր արտաքին աշխարհի և ավելի հարմարավետ մեր երկրի քաղաքացիների համար: Ես ընդունել եմ IDeA հիմնադրամը ղեկավարելու առաջարկը, քանի որ այն ինձ թույլ կտա լավագույնս կիրառել գիտելիքներս ու փորձը Հայաստանի զարգացման գործում», - ասել է Արմեն Գևորգյանը:
Արմեն Գեւորգյանն աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգում 1997թ.-ից մինչև 2014թ.՝ զբաղեցնելով ՀՀ վարչապետի օգնականի, ՀՀ Նախագահի օգնականի, Նախագահի առաջին օգնականի, Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման նախարարի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնները:
IDeA-ն բարեգործական հիմնադրամ է՝ ստեղծված երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար, որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա և կօգնեն նրան գոյատևման մոդելից անցում կատարել դեպի բարգավաճման մոդել: