ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը կօգնի քննարկել երկու երկրների համագործակցության հետագա հեռանկարները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի մեկնարկին ասաց Ռ ուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: «Սա մեր առաջին նիստն է նրանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետությանն այդ իրադարձության կապակցությամբ: Սրանով առավել կարևոր է դառնում Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռիժկովը:

 

Նա ընդգծեց, որ նիստի ընթացքում կքննարկվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ, կներկայացվեն խնդիրները, մասնավորապես կապված տրանսպորտային փոխադրումների հետ: «Ես խորապես համոզված եմ, որ մեր նիստի ընթացքում կլինի կառուցողական քննարկում, որի արդյունքում կհամաձայնեցվեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր, որոնք առաջացել են ինտեգրացիոն գործընթացների արդյունքում»,- նշեց Ռիժկովը:

 

ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: Նիստի արդյունքները կամփոփվեն միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանի եւ Նիկոլայ Ռիժկովի համատեղ մամուլի ասուլիսով: