Այսօր տեղի ունեցավ եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի, «Արցախբանկի» սեփականատերերից Հրաչ Կապրիելյանի և «Տոնուսից» խաբված՝ Դավիթաշենի և Փափազյանի շենքերի բնակարանների սեփականատերերի միջև:
Վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը բնակիչներին ներկայացրեց այն ծրագիրը, որը մշակվել էր կառավարության և բանկի համատեղ քննարկումների արդյունքում:
Ծրագրի համաձայն՝ Դավիթաշենի բնակիչները սահմանված ժամկետներում կատարելով լրավճարներ՝ կստանան իրենց բնակարանները: Կատարվող լրավճարները կուղղվեն շենքի կառուցման աշխատանքներին:
«Բանկը ձեզ առաջարկում է հետևյալ երկընտրանքը՝ կամ գումարի դիսկոնտով (պահում- խ.) վճարում՝ Դավիթաշենի շենքի դեպքում 86 տոկոս, իսկ Փափազյանի դեպքում՝ 85 տոկոս, կամ լրավճարով բնակարանի ստացում՝ 80 ԱՄՆ դոլար Դավիթաշենի շենքի մասով, 150 դոլար՝ Փափազյանի: Մենք ունենք երկու շենք. Փափազյանի շինարարությունն ավարտված է, Դավիթաշենինը՝ ոչ: Դավիթաշենի շենքի դեպքում, եթե մենք սկսենք գործընթացը, ապա լավագույն հաշվարկներով այն լիովին պատրաստ կլինի գալիք սեպտեմբերին: Լավագույն հաշվարկներով փետրվարին կկարողանանք շենքը սնանկացումից հանել, բերել առողջացման կազմակերպություն: Մարտի մեկից կսկսենք շինարարությունը, և վստահ եմ, որ վեց ամիսը բավարար է այն ավարտին հասցնելու համար: Փափազյանի դեպքում երկու տեսակի բնակարանատերեր ունենք՝ մի մասը սեփականության վկայական ունի, մյուսը՝ ոչ: Վկայական ունեցողները ևս պետք է մասնակցեն շենքի ավարտական ծախսերին: Այն վճռականությամբ, որ բանկի դեմ էիք պայքարում, պետք է պայքարեք ձեր հարևանների դեմ, արդար չէ, որ ձեր փողերով կառուցվի ամբողջ շենքը և իրենք օգտվեն»,- ասաց Հայկ Դավթյանը:
Դավիթաշենի շենքի խաբված բնակիչներից մեկը վարչապետի խորհրդականին ասաց, որ 5 ամիս առաջ նույն առաջարկը եղել էր նաև բանկի կողմից, սակայն այն այդպես էլ չիրագործվեց, և հարցեց Հայկ Դավթյանին՝ թե այս անգամ իրենք որքանով համոզված լինեն, որ պատմությունը չի կրկնվի:
«Հինգ ամիս առաջ էլ Հրաչ Կապրիելյանի կողմից եղավ նույն առաջարկը: Ժողովրդի մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, համաձայնվեցին և ուղիղ հինգ ամիս սպասում էին, բայց ոչ մի օգուտ: Այդ ժամանակ համաձայնվեցինք 70 դոլար լրավճարի, հետո դա դարձավ 80: Մենք բոլորով համաձայն ենք, միայն իմանանք, որ կոնկրետ ժամանակում բնակարանը կկառուցվի»,- ասաց բնակիչը՝ հարցնելով, որ նախորդ առաջարկի և այսօրվա հնչած առաջարկի տարբերությունն այն է, որ կառավարությո՞ւնն է խոսում ծրագրի մասին:
«Կառավարությունը հայտարարում է ծրագրի մասին, որն իրատեսական է»,- պատասխանեց Հայկ Դավթյանը:
Բնակչի ճշտող հարցին, թե երաշխիքները հենց կառավարությա՞ն կողմից են, Հայկ Դավթյանն ասաց. «Այո: Մեխանիզմն արդեն իսկ երաշխավորում է բոլոր կողմերի շահերի իրականացումը»:
Դավիթաշենի շենքի բնակիչները միասնաբար համաձայնվեցին կատարել 80 դոլար լրավճարը՝ հույս հայտնելով, որ արդյունքը կլինի դրական:
Հանդիպումից հետո Լուրեր.com-ի հարցին, թե, փաստորեն, կառավարությունը տալի՞ս է երաշխիքներ, որ խաբված բնակիչները կստանան իրենց բնակարանները, վարչապետի խորհրդականը տվեց խուսափողական պատասխան. «Չի երաշխավորում»:
Դիտարկմանը, թե ինքը բնակիչներից մեկին ասաց, որ կառավարությունն այդ հարցում երաշխավոր է դառնում, Հայկ Դավթյանը նշեց, որ մեխանիզմն է երաշխավորում. «Մեխանիզմը երաշխավորում է»,- ասաց նա և շրջվեց դեպի բնակիչները՝ չպատասխանելով հարցին:
Հիշեցնենք, որ 2006 թվականից շուրջ 120 ընտանիքներ «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ Դավիթաշենում վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։ Արդեն 7 տարի շարունակ խաբված բնակիչները պարբերաբար բողոքի ակցիա են իրականացնում ինչպես պետական իշխանության մարմինների շենքերի առջև, այնպես էլ «Արցախբանկի» տարբեր մասնաճյուղերի մոտ: Պարբերաբար հնչող խոստումները տարիներ շարունակ չեն կատարվել: