ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հոկտեմբերի 30-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին:
1968թ. ծնված Անդրանիկ Սողոյանը (մականունը «Զապ») 2013թ. փետրվարի 28-ին Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասի (սպանություն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:
2014թ. հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Անդրանիկ Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: