Հայաստանի Հանրապետության 2015թ. պետբյուջեի նախագծով նախատեսվում է ԱԳՆ-ին 12 միլիարդ 593 մլն դրամ հատկացնել, ինչը 1,4 միլիարդով ավելի է ընթացիկ տարվա ֆինանսավորումից: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

 

«Այդ գումարից 1 մ միլի արդ 518 միլիոնը հատկացվելու է ԱԳՆ-ի աշխատակազմի կարիքների համար, որն ընթացիկ տարվա հատկացված գումարի համեմատ ավելի է 267 միլիոն դրամով: Դեսպանատներին եւ ներկայացուցչությունների պահպանության ծախսերի համար նախատեսվում է 8 միլիարդ 940 մլն դրամ, որը 1,2 միլիարդ դրամով ավելի է 2014թ. հատկացված միջոցների համեմատ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաֆարյանը:

 

Սաֆարյանն ընդգծեց, որ 2015թ.-ին 924 մլն դրամ կհատկացվի միջազգային կազմակերպություններում ՀՀ անդամավճարների համար: Իսկ աշխատավարձերի ավելացման եւ էլեկտրականության սակագնի փոփոխության հետեւանքով ԱԳՆ ծախսերը կավելանան 292 մլն դրամով:

 

Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ 30 մլն դրամով ավելացել է ԱԳՆ աշխատակիցների գործուղումների գումարը: 2015 թ. նախատեսվում է նաեւ ԱԳՆ-ի համար մեկ մեքենա եւ մեկ միկրոավտոբուս ձեռք բերել: