Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 387 միլիարդ 589 միլիոն դրամ: Այս մասին Ազգային ժողովի սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: «Ընթացիկ տարվա համեմատ՝ 2015թ. հատկացումն ավելի է 23 միլիարդ 468 միլիոն դրամով, աճը կազմել է 6 տոկոս: Կարևոր ցուցանիշ է նաև այն, թե ինչպիսին է սոցիալական ոլորտի ընդհանուր ծախսերի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի: Սոցիալական պաշտպանության ոլորտն այն ոլորտներից է, որտեղ ընդհանուր ծախսերի տեսակարար կշռի աճ կա համախառն ներքին արդյունքի մեջ: Այն դարձել է 7.92 հարյուրերորդական՝ այն դեպքում, երբ 2014թ. պետական բյուջեով այդ հարաբերակցությունը 7.62 հայրուրերորդական էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը:

 

Նա ընդգծեց, որ ընթացիկ տարվա համեմատ բոլոր նախարարությունների բյուջետային հատկացումներում կա մեկ առանձնահատկություն, որը վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը: «2014թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման հետ կապված, այդ աշխատավարձերը շարունակական դարձնելու համար ընթացիկ տարվա համեմատ պետական բյուջեով նախատեսվել է լրացուցիչ 41 միլիարդ դրամ: Այսինքն, այս խնդիրը լուծելու համար կառավարությունը լրացուցիչ 41 միլիարդ դրամ է նախատեսել: Առաջին առանձնահատկությունն այն է, որ բոլոր նախարարությունների և պետական կառույցների պահպանման ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ»,- նկատեց Պավել Սաֆարյանը:

 

Երկրորդ առանձնահատկությունը ծախսերի ավելացման հետ կապված Պավել Սաֆարյանը համարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: