Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Մարսելում տեղի կունենա ֆրանս-հայկական ինովացիոն ֆորում: Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի ներուժն ու հնարավորություններն այս բնագավառում, ընդլայնել երկկողմ բիզնես կապերը:

 

Nouvelles d'Armenie-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի հետ Հայաստանն ունի զարգացած հարաբերություններ տնտեսության, զբոսաշրջության, մշակութային և այլ բնագավառներում և Հայաստանը ֆորումի միջոցով կներկայանա որպես նորագույն տեխնոլոգիաների բնագավառում զարգացած երկիր:

 

«Երիտասարդ Հայաստանի Հանրապետությունում արդեն իրենց հաջող ներկայությունն են հաստատել ֆրանսիական խոշոր ընկերություններ: Ֆորումը կնպաստի ֆրանս-հայկական առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բերնար Հատեմյանը:

 

«Հայաստանը գտնվում է Արևմուտքի և Արևելքի միջև' Կովկասի սրտում և Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջև կարող է հանդիսանալ ներդրումային-ինովացիոն հանգույց: Հայաստանի միջոցով ֆրանսիացի արտահանողները կարող են ստանալ մեծ հնարավորություններ»,- իր հերթին նշել է պալատի փոխնախագահ Անդրե Սարգսյանը:

 

Ֆորումին կմասնակցեն հայկական և ֆրանսիական մի շարք ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում նորարական տեխնոլոգիաների ոլորտում: