Առողջապահական ոլորտի համագործակցությունն իր կարևոր տեղն է զբաղեցնում ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների ընդհանուր համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն' հավելելով, որ այդ կարև որությունը պայմանավորված է շատ գործոններով: Ակտիվ համագործակցություն է տարվում ոչ միայն գիտահետազոտական, այլև մասնագետների վերապատրաստման ոլորտում:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ, քննարկել առողջապահության ոլորտում այսօր առկա հայ-ֆրանսիական հարաբերությունների շրջանակում իրականացված և առաջիկայում նախանշված ծրագրերին:
«Հայաստանը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղղությամբ պետական և մասնավոր մակարդակներով ձեռնարկվող և իրականացվող միջոցառումներով տարածաշրջանում օրինակելի է»,- ասաց Շարպանտիեն:
Ֆրանսիան Համաշխարհային հիմնադրամի երկրորդ դոնոր երկիրն է: Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարին: Դեսպանի խոսքով' 2006-2012 թվականներին Ֆրանսիան 1.2 միլիարդ դոլար է տրամադրել հիմնադրամին, իսկ 2013 թվականին երկկողմ համագործակցության շրջանակում' Հայաստանում նմանատիպ ծրագրերի օժանդակման նպատակով, Ֆրանսիայի կողմից 6 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն է հատկացվել Հայաստանին: