ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հոկտեմբերի 30-ին հանդիպել են իրենց ղազախ գործընկերների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

 

Բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը նշել է, որ անհրաժեշտ է խթանել երկկողմ համագործակցությունը, նպաստել համագործակցության զարգացմանը մշակույթի, կրթության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ պատրաստ են աջակցելու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացներին, հատկապես օրենսդրության նույնականացման հետ կապված հարցերում:

 

Հանդիպման ընթացքում որոշակիացվել են համագործակցության հետագա ուղղությունները: ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ Ստեփան Մարգարյանը եւ Տիգրան Ուրիխանյանը, կարեւորելով միջխորհրդարանական կապերի խորացումը, ընդգծել են, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ղազախստանի հայկական համայնքի խնդիրներին: