Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեն քննադատել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի լրագրող և «Ադրբեջանական ձայն» առցանց հեռուստաընկերության աշխատակից Խալիդ Գարաևին 25 օրվա վարչական կալանքի ենթարկելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմեն պրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ նշվել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ադրբեջանական իշխանությունները հետապնդում են Ադրբեջանի ղեկավարությանը քննադատող «Ադրբեջանական ձայն» ծրագրի աշխատակիցներին: Ավելի վաղ ձերբակալվել էր հաղորդման վարողներից մեկը, իսկ մյուսը ստիպված էր եղել լքել երկիրը:

 

«Ադրբեջանի կառավարությունը ամրապնդել է իր դիրքերն այն երկրների «ակումբում», որտեղ ամենամեծ թվով ձերբակալված լրագրողներն են: Մենք կոչ ենք անում երկրի իշխանություններին ազատ արձակել Խալիդ Գալաևին և դադարեցնել կառավարության քննադատների հետապնդումները»,- ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի' Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով զբաղվող աշխատակից Մուզաֆֆեր Սուլեյմանովը:

 

Խալիդ Գարաևին դատարանը մեղավոր է ճանաչել «մանր խուլիգանության» և «ոստիկանությանը չենթարկվելու» մեղադրանքներով: Ըստ դատարանի ներկայացրած մեղադրանքի' «Գարաևը անհասցե հայհոյել, անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել Բինագադի գյուղում, իսկ երբ ոստիկանությունը նրան դիտողություն է արել, նա չի ենթարկվել»:

 

Իր խոսքում Գարաևը հայտարարել է, որ ներկայացված մեղադրանքները կեղծված են և քաղաքական շարժառիթներ ունեն' կապված իր լրագրողական գործունեության և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման հետ: