Միջազգային հեղինակավոր Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) կազմակերպությունը խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մամուլի ազատության սահմանափակումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կոմիտեի Եվրոպայի և Միջին Ասիայի ծրագրերի կոորդինատոր Նինա Օգնիանովայի արած հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահի կողմից երկրի լրատվական դաշտի ներկայացուցիչների նկատմամբ հնչեցվող քննադատությունները պատճառ են դառնում քրեական հետապնդումների համար: «Էրդողանը թե՛ վարչապետության, թե՛ նախագահության օրոք քննադատական մոտեցումներ ունեցող լրագրողների դեմ վատաբանող հայցեր է հարուցել և ճնշում է գործադրել հրապարակումներ անող օրգանների նկատմամբ»,- նշել է Օգնիանովան: Նա Թուրքիայի նախագահին կոչ է արել դադարեցնել հետապնդել այն լրագրողներին, ում հրապարակումներն իրեն դուր չեն գալիս: