ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձություններից հետո ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց, որ զեկույց է հրապարակելու: Արդեն մի քանի ամիս է անցել, սակայն զեկույցը դեռ հրապարակված չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օմբուդսմանն ասաց, որ մինչև հունվարի վերջ՝ զեկույցը պատրաստ կլինի:
Նրա խոսքով՝ այնտեղ անդրադարձ է կատարվելու լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպին: «Մենք անհատական՝ բոլոր լրագրողների հետ խոսել ենք, որպեսզի զեկույցում ներկայացնենք»,- ասաց Թաթոյանը:
Նույն դեպքերի առնչությամբ, հայտնի՝ «Human Rights Watch»-ի հրապարակած զեկույցի վերաբերյալ, Պաշտպանը նշեց, որ ինքն ակտիվորեն համագործակցում է կազմակերպության հետ և զեկույցում հրապարակված տվյալներն իրենք են տրամադրել. «Մեզ հետ համագործակցել են, տվյալները մենք ենք տրամադրել»: Իսկ այն փաստը, որ զեկույցը միակողմանի է, քանի որ այնտեղ ներկայացված չէ ոստիկանության ծառայողների մահվան վերաբերյալ ոչ մի տվյալ, Արման Թաթոյանը չմեկնաբանեց. «Ես իմ զեկույցը կհրապարակեմ, այդ ժամանակ կխոսենք»:
Օմբուդսմանը չմեկնաբանեց «Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի՝ 2 տարվա ազատազրկման դատապարտվելու դատարանի վճիռը, պատճառաբանելով, որ «վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել և բողոքարկման ենթակա է»: Նշենք՝ Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ անցած տարի Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, ըստ մեղադրանքի՝ 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: