Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի գրառումը ոչ միանշանակ արձագանք է առաջ բերել Հայաստանում: Մի շարք հացրեր են ծագել:
Իրավունք ունե՞ն այլ պետությունները միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը:
Պատասխանելով այդ «մեղադրանքին», այսօր դեսպանը հղում է արել Սերժ Սարգսյանի խոսքին, ով հայտարարել է, որ Հայաստանը միջազգային հանրության մի մասն է, որը պետք է իրեն ճանաչի որպես այդպիսին: «Լավ է ասված», գրում է Լիչը՝ փաստորեն հաստատելով Հայաստանի ընտրությունների մասին խոսելու իր իրավունքը: Եթե էթիկետը չլիներ, դեսպանը կակնարկեր Հայաստանին, որ երկրի նախագահը, վարչապետն ու խորհրդարանի խոսնակը ողջունել են Եվրամիության ներկայացրած «ավելի շատ բարեփոխումներ՝ ավելի շատ աջակցություն» սկզբունքը: Դա նվաստացուցիչ սկզբունք է, որը կենցաղում ոչ պատշաճ սահմանում ունի, սակայն Հայաստանը համաձայնվել է դրա հետ: Եվ այժմ ոչինչ չես անի: Ստիպված պետք է տանել «միջամտությունը», որպեսզի գումար ստանան: Ազգային արժանապատվության ու ինքնիշխանության իրավունքի մասին պետք էր այդ ժամանակ խոսել, երբ նվաստացուցիչ սկզբունքն ընդունվում էր, եւ ոչ թե հիմա:
Համաձա՞յն ենք դեսպանի հետ, ով պնդում է, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ կեղծվել են ընտրությունները:
Դեսպանն իր նոր գրառման մեջ չի հերքել այդ խոսքերը: Փաստորեն, ի դեմս նրա՝ միջազգային հանրությունը հայտարարում է, որ Հայաստանում իշխանությունն ուզուրպացված է, քանի որ ընտրությունների կեղծումն իշխանության ուզուրպացիայի «քաղաքակիրթ» ձեւն է: Հայաստանը կամ պետք է խոստովանի, որ իշխանությունը 20 տարի ուզուրպացված է եղել, կամ էլ դատի տա դեսպանին: Սակայն ո՞վ դատի կտա՝ իմանալով, որ դեսպանը կարող է ապացուցել իր խոսքերի արդարացիությունը:
Բոլոր ընտրությունների ժամանակ խախտումների մասին տեղեկությունները եղել են եւ պաշտոնական, եւ ոչ պաշտոնական: Հարցը դա չէ, այլ այն, որ մենք 20 տարի է ապրում ենք կեղծ համակարգում ու ոչինչ չենք անում, որ դուրս գանք այդ կեղծիքից: Հայաստանում առաջին անգամ թեկնածուներից մեկը դրել է Հայաստանում ընտրությունների կեղծ լինելու հարցը, որ կա հստակ մեղավոր, ով ամեն անգամ ստիպում է մեզ մասնակցել բեմադրությանը, որի արդյունքն է դառնում իշխանության հերթական ուզուրպացիան: Սակայն մենք պատրաստ ենք կրկին երրորդական դեր խաղալ, որոնց, ինչպես ընդունված է կինոյում, 5 հազար դրամ են վճարում մեկ օրվա նկարահանումների համար: Դա նշանակում է, որ դեսպանը ճիշտ չէ՝ եթե կեղծիքը տեղի է ունենում հասարակության համաձայնության պայմաններում, դա կեղծիք չէ, այլ դավադրություն:
Ինչպիսի՞ն կլինի Արեւմուտքի արձագանքն ընտրություններին
Տիկին Լիչի բլոգում հնչած բավական կոշտ գնահատականները խոսում են այն մասին, որ Արեւմուտքը մտադիր չէ այս անգամ լեգիտիմացնել իշխանության ուզուրպացիան: Իհարկե, պատճառն այն չէ, որ անհանգստացած են Հայաստանի ճակատագրով: Պատճառն այն է, որ, առաջին հերթին, Սերժ Սարգսյանն այդպես էլ չի կարողացել համոզել Արեւմուտքին, որ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մտադրությունն անկեղծ է, եւ երկրորդ, չճանաչելով Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը՝ Արեւմուտքը կպահպանի նրա վրա ճնշման լծակները: Ինչով կավարտվի դա Սերժ Սարգսյանի համար՝ կարեւոր չէ, սակայն Հայաստանի համար դա, իրոք, կարող է վատ ավարտվել:
Սերժ Սարգսյանը հասցրել է բավական ուժեղ ձգել արեւմտյան զսպանակը, եւ եթե բաց թողնի այն, մենք անհավանական ուժով «կվերադառնանք» հետխորհրդային անցյալ եւ կարող ենք չդիմանալ հարվածին: Ճիշտ է, օֆիցիոզն ու ԶԼՄ-երը նույնիսկ չեն հասցրել լիովին վերադասավորվել «արեւմտյան» լադի վրա, սակայն հասարակական գիտակցությունում բեկումն արդեն հասցրել է տեղի ունենալ, եւ վերադարձն արդեն շատ ցավալի կլինի: