Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցուցարարները Ռուսթավելի պողոտայում Վրաստանի խորհրդարանի կողային մուտքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը, հայտնում է Interpressnews-ը։ Ռուսթավի 2-ը գրում է, որ ցուցարարներից մեկն այրել է դրոշը։
Ապրիլի 17-ին Վրաստանն առաջին ընթերցմամբ ընդունել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջարկած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Այն պահանջում է, որ ոչ կառավարական կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնք ստանում են իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժային կազմակերպություն»: Մայիսի 1-ին նախագիծն անցել է երկրորդ ընթերցմամբ, ընդունմանը կողմ է քվեարկել 83, դեմ՝ 23 պատգամավոր։
Ընդդիմադիր վրացի պատգամավորները օրինագիծն անվանում են ռուսական՝ համեմատելով այն Ռուսաստանում գործող օրենսդրության հետ։ Կրեմլը մերժել է այն վարկածը, որ նախաձեռնությունը «ռուսական նախագիծ» է։
Վրաստանում բողոքի ցույցերը չեն դադարում արդեն մի քանի երեկո անընդմեջ։ Ապրիլի 30-ին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Մի քանի հոգի բերման են ենթարկվել՝ փորձելով թույլ չտալ պատգամավորներին դուրս գալ խորհրդարանի շենքից։
Ցուցարարները ձվեր են նետել շենքի մուտքերից մեկի վրա։
Հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառվել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Վիրավորվել են ինչպես ցուցարարները, այնպես էլ իրավապահները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է վետո դնել օրենքի վրա, եթե այն ընդունվի։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն պետության ղեկավարին անվանել է «արտաքին ազդեցության գործակալ» և խոստացել է բոլոր դեպքերում ընդունել օրենքը։