Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձ է հղել «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ․

«Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ:

Գյուղատնտեսությունը երկրի զարգացումն ու հասարակության բարեկեցության ապահովումը պայմանավորող կարևորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, և յուրաքանչյուրիդ փորձը, հմտությունը, տքնանքն ու դրանց արգասիքը մշտապես գտնվում են պետության ու հասարակության ուշադրության կենտրոնում: Գաղտնիք չէ, որ պարենային անվտանգության խնդիրը առաջնային է բոլոր երկրների համար ու այդ անվտագության ապահովման առաջամարտիկները հենց դուք եք, սիրելի՛ գյուղատնտեսներ:

Ոչ ոք ավելի լավ չգիտի հողի հրաշագործությունը, որքան դուք: Նրա արգասաբերությունը ձեր տքնանքի արդյունքն է:

ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է գյուղատնտեսության արդիականացմանն ու բարեփոխումներին, գյուղացու բարեկեցության ապահովմանն ու սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Մարզի համայնքերը ևս պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով արդիականացնում են ոռոգման համակարգերը, ձեռք են բերում գյուղտեխնիկա, սարքավորումներ մշակվող հողատարածքներն ավելացնելու և առավել մեծաքանակ բերք ստանալու նպատակով:

Վստահ ենք, որ հաջողությամբ իրականացվելու են այն բոլոր բարեփոխումները, որոնք կոչված են զարգացնելու գյուղն ու գյուղատնտեսությունը:

Կրկին շնորհավորելով ձեր տոնը՝ մաղթում եմ քաջառողջություն, առատ բերք ու բարիք»։