Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև.
ТАСС - Պարոն վարչապետ, նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս բավական բարդ ժամանակահատվածում ռուսաստանյան «ТАСС» գործակալությանը հարցազրույց տալու համար ժամանակ հատկացնելու կապակցությամբ: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որի մնալու ժամկետը սահմանվել է 5 տարի՝ հերթական 5-ական տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: Ինչի՞ց ելնելով է սահմանվել 5 տարի ժամանակաշրջան, և ի՞նչ պետք է արվի այդ ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը:
ТАСС - Եռակողմ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ընդ որում, ավելի վաղ Դուք պարզաբանել էիք, որ փաստաթուղթը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակային լուծում: Այսպիսով, կարգավիճակը մնում է անորոշ: Ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ներկայիս փոփոխված պայմաններում: