Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվացրել են սահմանազատման և սահմանագծման խնդիրների քննարկման գործընթացը, պարզ դարձավ, որ այս ուղղությամբ կողմերը սկսել են շարժվել միմյանց ընդառաջ։
Հիշեցնենք, որ հենց Բաքուն ակտիվացրեց այս խնդիրը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Այս հարցը քննարկվել է անցյալ տարվա նոյեմբերի վերջին՝ Սոչիում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունների ժամանակ։ Այնուհետ կողմերը պայմանավորվել են ստեղծել սահմանազատման երկկողմ հանձնաժողով՝ դրա հետագա սահմանագծմամբ։ Միաժամանակ, Մոսկվային վերապահվեց խորհրդատվական կողմի դերը, գրում է Regnum֊ը։
Պարբերականի հոդվածագիրը, սակայն, պնդում է, որ Երևանը թեև բառացիորեն բարձրացնում է ԼՂ կարգավիճակի որոշման հարցը, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրի նախապատրաստման և ստորագրման ժամանակ երևանյան կողմը բաց թողեց այդ խնդիրը, և գոտում հայտնվեցին ռուս խաղաղապահներ։ Այժմ Բաքուն հայտարարում է, որ ապագայում արդեն խոսքը Ստեփանակերտի և հայաբնակ երեք այլ շրջանների պոտենցիալ օկուպացման մասին է Ադրբեջանի կողմից։ Սակայն Լավրովը նշված ասուլիսում, Անդրկովկասի երկու հանրապետությունների սահմանի հստակեցման համատեքստում, հայտարարեց, որ «դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցին»։ Ըստ նրա՝ «դա զուտ երկկողմանի խնդիր է, որի վրա մենք առաջարկում ենք սկսել աշխատել արդեն մոտ մեկ տարի՝ դրա համար սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելով»։ Սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից այդ ընթացակարգը կարող է իրականացվել միայն միջազգային հաղորդակցության սուբյեկտների միջև։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Բաքուն ստիպված է լինելու Ստեփանակերտի հետ երկխոսությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի սահմանային հարցերը։ Բացի այդ, ինչպես նախկինում, Փաշինյանը, խոսելով, թե որ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատումն ու սահմանագծումը, ասաց, որ «սա Արցախի հետ կապ չունի»։
Այս փոքրիկ ներածական մասն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներկայումս հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Երևանը Մոսկվայի միջնորդությամբ Բաքվին է փոխանցել սահմանային իրավիճակի դեէսկալացմանն ուղղված առաջարկների փաթեթ։ Առաջարկների մանրամասները չեն նշվել։ Ադրբեջանը նաև հայտարարել է իր պատրաստակամության մասին «առանց որևէ նախապայմանի սկսելու ադրբեջանահայկական սահմանի սահմանազատման գործընթացը»՝ այս գործողությունը որակելով որպես «կարևոր տարր երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործում»։ Այժմ կողմերը քննարկում են նման հանձնաժողովների ստեղծման պայմանները, իսկ Երևանում սպասում են Բաքվի գրավոր արձագանքին։ Բայց մենք կարծում ենք, որ քիչ հավանական է, որ կողմերը նահանջեն Լավրովի հայտարարած դիրքորոշումներից։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է գալիս այս իրավիճակից։ Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության փաստն օբյեկտիվորեն որոշում է Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը, գրում է Regnum-ը։
Սա նոր աշխարհաքաղաքական իրողություն է, որն այսպես թե այնպես պետք է ճանաչվի բոլորի կողմից։ Առայժմ Ադրբեջանը խոսում է միայն Լեռնային Ղարաբաղի հայերի «մշակութային ինքնավարության» մասին։ Բայց քանի որ իրադարձությունները զարգանում են ոչ միայն տարածաշրջանում, հաստատված «ղարաբաղյան բանաձևի» բոլոր մասնակիցները պետք է նոր որոշումներ կայացնեն, գրում է պարբերականը։