Այսօր մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Թուրքիա: Նրա ծրագիրը բավականին հագեցած է: Երկօրյա այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումներ տեղի կունենան Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Կողմերը մտադիր են քննարկել փոխադարձ շահերին վերաբերող հարցեր, ստորագրել պայմանագրեր և արձանագրություններ տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակներում:

 

Համաձայն հին ավանդույթի' Ադրբեջանի նորընտիր նախագահն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Թուրքիա: Դրան 3-րդ անգամ հավատարիմ է մնում նաև վերընտրված նախագահ Ալիևը: Այս երկկողմ միջպետական հարաբերությունների պսակը դարձավ 2010թ. սեպտեմբերին երկու եղբայր պետությունների միջև ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծումը: Այս այցի շրջանակներում Իլհամ Ալիևի և վարչապետ Էրդողանի նախագահությամբ սպասվում է այդ խորհրդի 3-րդ նիստը:

 

Տեղի վերլուծաբանների կարծիքով' նիստի գլխավոր թեման լինելու են տարածաշրջանային տնտեսա-քաղաքական խնդիրները, մասնավորապես' կողմերը կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրին:

 

Իսկ ինչ վերաբերում է բանակցությունների տնտեսական բլոկին, ապա այստեղ կողմերը կանդրադառնան տրանսանատոլիական գազատարի կառուցմանը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը. տեղեկացնում է Независимая газета-ն: