Օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկատվական արտահոսք էր եղել այն մասին, որ իր գրասենյակ այցելած՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին նույն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ոչ միայն չի ընդունել, այլև գործավարի միջոցով փոխանցել է՝ «Հավաքարար էիր, մենք քեզ մարդ դարձրինք»: Լյուդմիլա Սարգսյանն իր հերթին դրանից հետո փորձեց ամեն կերպ հերքել այդ տեղեկությունը՝ պնդելով, որ նման բան չի եղել, իսկ Զուրաբյանն այդպես էլ լռեց:

 

 

Ես ավելի շատ հակված եմ հավատալու, որ նման բան եղել է, ինչի կապակցությամբ ինձ մոտ հետևյալ հարցերն են առաջանում.

 

 

- Եթե Լյուդմիլա Սարգսյանն իսկապես հավաքարար է եղել և հավաքարարից հասել է պատգամավորի աստիճանի, ապա դա իրեն միայն պատիվ է բերում, ուստի ի՞նչ կարիք կա դրանից ամաչելու, թաքցնելու և պնդելու, թե նման խոսակցություն նույնիսկ չի եղել:



- Հավաքարարն իրականում շատ պատվաբեր աշխատանք է: Այդ մարդիկ մաքրություն են ապահովում մեր շրջակա միջավայրում, այդ թվում՝ այն գրասենյակում, որտեղ նստում է Լևոն Զուրաբյանը: Հենց հավաքարարների շնորհիվ է նա նստում և աշխատում նորմալ, մաքուր պայմաններում: Հետևաբար, եթե Լևան Զուրաբյանը հավաքարար լինելու հանգամանքն օգտագործում է որպես վիրավորելու միջոց, ուրեմն նա այդպե՞ս է վերաբերվում հավաքարարի ու նման այլ աշխատանքներ կատարող՝ աշխատավոր մարդկանց: Միգուցե ազնվականի կամ «կապույտ» արյո՞ւն ունի, մենք էլ այդ մասին չգիտե՞նք:



- Եթե Զուրաբյան Լևոնը հավակնում է երկրում իշխանափոխություն անել և երկիր ղեկավարել, բայց չի հարգում սովորական աշխատող մարդկանց և այդ մարդկանց աշխատանքը, դա օգտագործում է որպես վիրավորական պիտակ, ապա ինչպե՞ս պետք է նա երկիր ղեկավարի: Ես գտնում եմ, որ Զուրաբյանին նույնիսկ մի սովորական հիմնարկ չարժե վստահել՝ ղեկավարելու համար:



- Այս հրապարակումների կապակցությամբ սոցիալական ցանցերում ՀԱԿ-ի բազղմաթիվ համակիրներ և «ֆեյքեր» հարձակվել էին Լյուդմիլա Սարգսյանի վրա՝ շռայլելով ու չխնայելով վիրավորական ու անվայել խոսքեր վերջինիս հասցեին, նույնիսկ հաշվի չառնելով, որ գրում են կնոջ մասին: Փաստորեն, ՀԱԿ-ում շատերը նույն մտքին են, ինչ Լևոն Զուրաբյանը: Հետևաբար ինչո՞ւ պետք է հասարակությունը համակրի ու վստահի նման արժեհամակարգ կրող քաղաքական ուժին...

 

 

Ես դրա համար որևէ պատճառ չեմ տեսնում: Թերևս այսքանը:

 

 

Կարեն Վարդանյան