Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստը սկսեց հանձնարարականներով: Դրանցից մեկը վերաբերում էր ոռոգվող հողատարածքների մակերեսի ավելացմանը: 

Վարչապետը նկատեց՝ Հայաստանում հողային և ջրային պաշարներն անարդյունավետ են օգտագործվում, որն անթույլատրելի է գյուղացիական տնտեսությունների զարգացման ընդունված ծրագրի պայմաններում: 
«Հողային հաշվետվության տվյալների համաձայն՝ հանրապետությունում ոռոգվող հողատարածքները կազմում են շուրջ 208 հզր. հա: Սակայն վերջին տարիներին ոռոգվող տարածքները 90-130 հազար հեկտարի սահմաններում են», - ասաց նա՝ ավելացնելով, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբերությունը պայմանավորված է հատկապես հողային և ջրային պաշարների և ենթակառուցվածքների անարդյունավետ օգտագործմամբ:

Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և մարզպետերին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տվյալներ ու տեղեկություններ ներկայացնել ոռոգվող տարածքների ավելացման վերաբերյալ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին էլ վարչապետը հանձնարարեց ինֆորմացիան ստանալուն պես երկու ամսվա ընթացքում համատեղ ձեռնարկել ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

«Խնդիրը շատ պարզ է ձևակերպված, շատ անելիքներ ունենք: Այսօր պետք է հստակ ձևակերպել հանձնարարականը: Այս հանձնարարականին մաքսիմալ հսկողություն եք սահմանում», – նշեց նա: