2018 թ. նոյեմբերի 6-ի դրությամբ պաշտոնական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր չի ներկայացրել 29 անձ: Այդ պաշտոնյաների թվում են մշակույթի նախարարի արդեն նախկին տեղակալ Արև Սամուելյանը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ, ներկայումս արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը: Այդ ցանկում են նաև նախկին ՊԵԿ պաշտոնյաներ, իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ: Այս իմաստով կարելի է արձանագրել, որ նախկին իշխանության ներկայացուցիչների մեծ մասի մոտ հայտարարագիր չներկայացնելու վատ սովորույթը, թերևս, դեռ շարունակվում է:
 
Գրեթե յուրաքանչյուր օր կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի մասին հայտարարող Փաշինյանի համար ամեն դեպքում պետք է մտահոգիչ լինի այն փաստը,որ շատերը այդ պայքարին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, շատերի համար հայտարարագիր ներկայացնելը ժամանակի զուր ծախս է, ընդ որում, դա վերաբերվում է թե՛ նախկին իշխանության ներկայացուցիչներին, թե՛ Փաշինյանի թիմակիցներին, որոնց շարքում էլ դեռևս ալարկոտներ են նկատվում: Նախկինում պետական պաշտոնյաների հայտարարագրերով զբաղվող Էթիկայի հանձնաժողովին սահմանադրական փոփոխություններից հետո փոխարինում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը շատ ավելի լայն լիազորություններ ունի։
 
Պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրած ուենցվածքի հետ կապված կասկածներ ունենալու դեպքում հանձնաժողովն այսուհետ կարող է վարույթ հարուցել, պատասխանատվության ենթարկել պաշտոնյային, իսկ քրեական հանցակազմի դեպքում գործն ուղարկել դատախազություն: Մնում է, որ այս կառույցը չհամալրի Հայաստանում գործող բազմաթիվ ֆեյք, հարկատուների հաշվին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ վզին բազմած կառույցներից հերթականը: