ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս հայտարարել էր, որ նախարարությունը նախաձեռնել է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություն՝ ոչ լեգիտիմ համայնքի ղեկավարների պաշտոնավարումը կասեցնելու համար: Պապիկյանը նշել էր, որ սրա նպատակը բնակչի ձայնը լսելի դարձնելն է եւ դրա հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը: Այդ նախագծում նաեւ նախնական քննարկված դրույթ կա` ավագանու անդամների 2/3-ի կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու եւ ըստ այդմ ինստիտուցիոնալ ուղիներով պաշտոնազուրկ անելու` արդեն կառավարության կողմից:
 
Նույն Պապիկյանը շաբաթներ առաջ ևս մեկ նախագիծ էր կազմել, որի համաձայն՝ համայնքները, այսինքն՝ ստորին օղակները նույնպես պետք է գտնվեն գործադիրի «կանտրոլի» տակ, իսկ համայնքապետերն ուղղակի ֆինանսական կախվածության մեջ են հայտնվում ՔՊ-ական մարզպետներից: Վերջին ՏԻՄ ընտրությունները, կամ այսպես ասած՝ «Ռաֆիկի սինդրոմը» ստիպեց Պապիկյանին և ողջ կառավարությանը՝ էլ ավելի հեռուն գնալ: Հասկանալի է, որ համայնքներում նոր իշխանությունները չունեն վերահսկողության լծակներ, ավելին, ինչպես ցույց տվեցին վերջին ՏԻՄ ընտրությունները՝ չունեն նաև անհրաժեշտ աջակցության մակարդակ և նրանց մնում է միայն ոչ իրավաչափ քայլերով փորձել ազատվել իրենց ասելով՝ սաբոտաժ անող համայնքապետերից:
 
Ինչ խոսք, ավելի գովելի կլիներ, եթե տարածքային կառավարման և զարգացման նախարարը կառավարեր և զարգացներ տարածքները, ոչ թե փորձեր այդ տարածքների նկատմամբ քաղաքական վերահսկողություն սահմանել, մի բան, որ նշանակվելու օրից էլ անում է Պապիկյանը՝ կարծես մոռանալով իր բուն պարտականությունների մասին: Մինչ համայնքները ֆինանսական և քաղաքական վասալության մեջ են դրվում ՔՊ-ական մարզպետներից և կառավարությունից՝ իշխանությունները Հայաստանը հռչակում են ժողովրդավարության օազիս: Հետաքրքիր է, իսկ այդ մտքի հետ համամի՞տ են օրենքի ուժով ընտրված ոչ ՔՊ-ական համայնքապետերը և նրանց նույն օրենքի ուժով ընտրած ՀՀ հպարտ քաղաքացիները…