Այսօր` մայիսի 16-ին, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ մթնոլորտում քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն ասաց, որ որտեղ եղել են «Գարդասիլ»-ի պատվաստումներ` կանանց մոտ քաղցկեղի տարածումը շատացել է:

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» բժիշկ Վահե Տեր-Մինասյանը հայտարարեց` «Գարդասիլ» պատվաստանյութի դեմ քարոզչությունը կեղծ է: Նրա խոսքով, այս հարցը դուրս է եկել բժշկական շրջանակից և դարձել է քաղաքական հարց. «Մի խումբ մարդիկ կեղծ նյութեր տրամադրելով և սաբոտաժի միջոցով փորձում են խանգարել այս առողջապահական հարցի լուծմանը»,- ասաց նա` հակադարձելով դիտարկմանը, թե ամբողջ աշխարհում է ավելանում քաղցկեղով հիվանդների քանակը, հետևաբար, դա «Գարդասիլ»-ի հետ կապ չունի: Արփինե Դավոյանն իր ելույթում նշեց, որ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, այս հարցի նկատմամբ բացասական վերաբերմունք է որդեգրում, քանի որ այս հարցը սկզբից մինչև վերջ ուղեկցվում է էմոցիոնալ քննարկումներով և մեղադրանքներով. «Անհասկանալի մնաց՝ վիրուսի՞ դեմ է պայքարում այդ պատվաստամիջոցը, թե՞ քաղցկեղի: Իմ շրջապատում շատ մարդիկ այս տարատեսակ կարծիքների արդյունքում բացասաբար են վերաբերվում և ես ինքս էլ զգուշավոր եմ վերաբերվում սրան: Չեմ ուզում կասկածի տակ դնել ոչ կողմ, ոչ էլ դեմ արտահայտվող մասնագետների գիտելիքները և տեսակետները, բայց փորձեք ձեր հիմնավորումներում հստակ լինել»,-ասաց Արփինե Դավոյանը:

Նարեկ Զեյնալյանն էլ ընդգծեց, որ իր շրջապատում ևս բացասական կարծիքներ կան, և անորոշության հետևանքով հարցեր կան:

Նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը ներկայացրեց փաստաթուղթ, որով նշվում է, որ 2017 թ. «Գավի» հիմնադրամի կողմից գրանտի տրամադրված արդյունքում ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Գարդասիլի սրվակներ է ստացել և ժամկետի սպառմանը մնացել է հինգ ամիս, հետևաբար, մնացյալ սրվակներն այս ամիսների ընթացքում պարզապես ստիպված են վերջացնել: Գայանե Սահակյանը չժխտեց, ավելին` Մարինա Խաչատրյանի խնդրանքով հրապարակեց թիվը. «203 հազար ԱՄՆ դոլար. որը, սակայն, բաշխվել է ի շահ Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության: Առողջապահության նախարարությունը դա ներկայացրել է, կարող եք տեսնել»,-ասաց Գայանե Սահակյանը:

Կգնա հարցը Աժ լիագումար նիստ թե ոչ, դեռևս հայտնի չէ. թեժ քննարկումները Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում դեռ շարունակվում են:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ