Այսօր՝ մարտի 25-ին, մամուլի ասուլիս էին հրավիրել նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանը, խորհրդի փաստաբան Պավլիկ Փոլադյանը եւ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։
Բժիշկներն ահազանգում են այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի հունվարի 29-ին «Գարդասիլ»-ի պատվաստման գաղտնի հրաման է տվել։ Մարինա Խաչատրյանը նշեց, որ իր գնահատմամբ, «Գարդասիլ»-ի պատվաստումը ազգային անվտանգության խնդիր է, քանի որ այս հրամանում առկա են մի շարք իրավախախտումներ։ Մասնավորապես, գաղտնի է պահվել առողջապահության նախարարի հրամանը, որը չի հրապարակվել ԱՆ կայքէջում։ Միաժամանակ ընդլայնվել են պատվաստման տարիքային սահմանները` ցուցված 9-26 տարեկանից հասցնելով 14-45 տարեկանի։ Ըստ Մարինա Խաչատրյանի՝ այդ տարիքը վերարտադրողական տարիքն է, և տարիքային սահմանների «կամայական» ընդլայնումը կասկածի տեղիք է տալիս։
Բանախոս Հայկ Այվազյանը նշեց, որ դեռևս 2003 թվականին ընդունվել էր «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» որոշումը, ըստ որի՝ նախատեսված սքրինինգային ծրագրերի պատշաճ կատարման արդյունքում վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունները կկրճատվեին 30%-ով (մինչև 2015թ)։
Նա հավելեց, որ ԱՆ վերջին տարիների տվյալները փաստում են, որ այդ խմբի քաղցկեղների թիվը նվազելու փոխարեն աճել է, հետևաբար, սքրինինգային ծրագրերը, որոնց ուղղվել են ֆինանսական միջոցներ, պատշաճ չեն իրականացվել։ Այվազյանը տարակուսեց, թե այս պարագայում ի՞նչ ուղղությամբ են ծախսվել այդ ֆինանսական միջոցները։
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» բժշկական կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ կոալիցիան միշտ պատրաստ է կառուցողական բանավեճերի, սակայն այսօր ընտրվել էր մամուլի ասուլիսի ձևաչափը, որպեսզի հնարավորություն լիներ ներկայացնելու իրենց տեսակետները։ Նա կոչ արեց առողջապահության նախարարությանը կազմակերպել լայնածավալ մասնագիտական բանավեճեր և քննարկումներ` պարզելու համար՝ արդյո՞ք պատերազմի շեմին գտնվող մեր երկրում համար մեկ խնդիրը մարդու պապիլոմա վիրուսն ու «Գարդասիլ»-ն են։
Մարինա Խաչատրյանը հավելեց, որ համացանցում իրականացվում է «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդ, տարածվում է ապատեղեկատվություն։ Մասնավորապես, «Գարդասիլ»-ը ներկայացվում է որպես հակաքաղցկեղային պատվաստանյութ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Նա նաև հարց հնչեցրեց. «Ու՞մ և ի՞նչ են փորձում ապացուցել այն մարդիկ, ովքեր նկարում են պատվաստվողներին և այդ նկարները տեղադրում համացանցում։ Ու՞մ են նրանք զեկուցում պատվաստանյութի յուրաքանչյուր դեղաչափի ներարկման մասին ...»։
Բանախոսները նշեցին, որ չի կարելի կիրառել «Գարդասիլ» պատվաստանյութը ՄՊՎ-վ վարակված մարդկանց։ Մինչդեռ ԱՆ-ն հրապարակել էր, որ «Գարդասիլ»-ի կիրառման անհրաժեշտությունն առաջացել է համաճարակային իրավիճակի հետ կապված։
Գևորգ Գրիգորյանը փաստեց, որ եթե այսօր Հայաստանում առկա է ՄՊՎ համաճարակ, ապա նախարարությունն այդ մասին պարտավոր էր իրազեկել հանրությանը, իսկ եթե չկա համաճարակ, ապա նմանատիպ ապատեղեկատվության տարածումը նույնպես կարող է հանգեցնել իրավական հետևանքների։ Նա հարցրեց՝ արդյո՞ք արդեն պատվաստում ստացած անձինք հետազոտվել են մինչև պատվաստումը։
Մարինա Խաչատրյանին հետաքրքրում էր, թե պատվաստումից հետո ինչո՞ւ են ոչնչացվում «Գարդասիլ»-ի սրվակները (համաձայն առողջապահության նախարարի հրամանի)։
Հետաքրքիր դիտարկում էր Արսեն Թորոսյանի կողմից նախկինում կատարված հայտարարությունն այն մասին, որ «մեր նման երկրները պետք է ներդրում ունենան և մասնակցեն կլինիկական փորձաքննությունների փուլին»։
Մարինա Խաչատրյանը հարցրեց՝ արդյո՞ք նախարարի հայտարարությունը կյանքի չի կոչվում «Գարդասիլ»-ի հրամանի միջոցով։
Վերջում Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ 22.03.2019-ին Հայկ Այվազյանի հետ միասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ հանցագործության մասին և հույս ունեն, որ ԱԱԾ-ն կհարուցի քրեական գործ բոլոր վերոնշյալ հարցադրումների կապակցությամբ։
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» բժշկական կոալիցիայի փաստաբան Պավլիկ Փոլադյանը մանրամասն ներկայացրեց հանցագործության մասին հաղորդման բովանդակությունն ու հարցադրումները։
ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ Մարինա Խաչատրյանն այս բողոքն էլ հետ վերցնի, ինչպես արեց ավագանու դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի պարագայում, վերջինս պատասխանեց. «Նախորդ անգամ հարցը վերաբերվում էր իմ անձին, իսկ այս դեպքում այն ազգային խնդիր է։ Եթե ես քինախնդիր լինեի և ցանկություն ունենայի որոշ մարդկանց բանտում տեսնելու, եթե ես լինեի հիշաչար, ապա, հավանաբար, դուք ինձ որպես բժիշկ չպետք է հարգեիք։ Իմ միտումը համակարգային փոփոխությունների իրականացումն է, որոնք իհարկե այսօր նույնպես արդիական են։ «Գարդասիլ»-ի պարագայում հարցը վերաբերվում է իմ ազգին և ես որևէ պայմանով հետ չեմ վերցնելու հաղորդումը հանցագործության մասին։ Հույս ունեմ, որ ԱԱԾ-ն կհարուցի քրեական գործ և կկասեցնի այս ծրագրի իրականացումը։ Թող դադարեցնեն ծրագիրը, հրավիրեն հանրային քննարկումներ ու լսումներ։ Մեր հանրությունն էլ ի վերջո հասկանա, թե ինչի հետ գործ ունենք»,- հավելեց նա։