ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում առնվազն հունվարի վերջին COVID-19-ի դեմ դեռևս քիչ քանակով ռուսական կամ ամերիկյան պատվաստանյութ ունենալու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Պատվաստանյութ COVID-19-ի դեմ. երբ և որ երկրից կհասնի Հայաստան» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյան:
«ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցությունները սկսել է դեռ հուլիս ամսվանից: Ինչպես առանձին արտադրողների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ ենք բանակցություններ վարում: Այդ ժամանակահատվածում նախաձեռնություն ստեղծվեց` «COVAX Facility»-ն, և երկրներն աստիճանաբար ներգրավվում են այդ նախաձեռնությունում: Միասնական ջանքերով պատվաստանյութերի ձեռքբերումը հնարավորություն կտար երկրներին ինչպես հասանելիությունն ապահովել, այնպես էլ մատչելիությունը: Խոսքը մեծ դեղաչափերի մասին է»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի համար են տարվում բանակցությունները:
Նրա խոսքով` ռուսական կողմը երկրներին ստանդարտ շուկայական գին է առաջարկում, չկա որևէ տարբերություն: Առաջարկվում է 2 դեղաչափ, այսինքն` 1 մարդու հաշվարկով մոտ 20 ԱՄՆ դոլար:
«COVAX Facility»-ն մեկ դեղաչափի գինը նախնական սահմանել է 10.5 ԱՄՆ դոլար: Սակայն արդեն կարող ենք տեսնել, որ կարող ենք նույնիսկ ցածր գնով ձեռք բերել` մինչև 6 ԱՄՆ դոլարով: Շուկայում այսօր ամենաթանկ պատվաստանյութը համարվում է Moderna-ինը, սակայն դրա դեպքում դեռ չգիտենք, թե ինչ գին կառաջարկի « COVAX»-ը»,- ասաց Գայանե Սահակյանը: