«Մոդեռնա» ընկերության արտադրության Սպայկվաքս (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Այս փաստն ընդունվել է նաև պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինների կողմից (ՄԲ, ԱՄՆ, ԵՄ)՝ որպես հետգրանցումային փոփոխություն:
Այսպիսով, Սպայկվաքս պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի' -25ºC-ից -15ºC պահպանելու պայմաններում:
Միաժամանակ, որոշվել է երկամսյա երկարաձգումը տարածել մինչև 2022 թվականի փետրվարն արտադրված սերիաների վրա, ինչը կիրառելի է բոլոր երկրներում, նաև' Հայաստանում առկա պատվաստանյութի համար: