Ինչպես հայտնի է` Թալին համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, որը ստացել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 46.6 %-ը կամ 5037 ձայն։ Սակայն, ինչպես ասում են՝ «աղվեսի դունչը խաղողին չհասավ». այսօր նրա հետ պայքարի դուրս եկած 3 ուժերը հայտարարեցին, որ միավորվել  են, ինչը նշանակում է՝ հնարավոր է ՔՊ-ն չկարողանա ստանձնել համայնքի կառավարումը:

«Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» կուսակցությունները որոշել են որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել և պաշտպանել Հայքի ներկայացուցչին:

Հիշեցնենք՝ «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորում էր 2002-2012 թթ.-ին Թալին համայնքը ղեկավարած, ապա ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը։ «Հայք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր մարզիչ-մանկավարժ Կարեն Գրիգորյանը։ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը անկուսակցական Տիգրան Հարությունյանն էր:

Նշենք, որ Սափեյանն աչքի էր ընկել հատկապես նախընտրական ուղերձով, որտեղ հանդես էր գալիս առանձնահատուկ առոգանությամբ ու ոգևորությամբ, որը շատերին հիշեցնում էր առաջին դասարանցու հանդեսի ելույթ։