Շաբաթներ առաջ Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք համայնքներում ղեկավար ընտրվեցին ՀՀԿ-ից սահուն ՔՊ անցած անձինք, ի դեմս որոնց' հեղափոխական իշխանությունները կարողացան վերարտադրվել և իրենց ձեռքը վերցնել Հայաստանի մի շարք առանցքային համայնքների ղեկավարումը:

Ժամանակը ցույց տվեց, որ նախկինների մոտ դեռևս վառ են նախկինների բարքերը և ավանդույթները, սակայն գործող իշխանությունները նրանց կողմից կատարված բացահայտ խախտումները պարզապես չեն նկատում, կամ չեն ցանկանում նկատել:

Դիցուք՝ Աշտարակում ՔՊ թեկնածուն նախկինում ՀՀԿ քվոտայով համայքնապետ դարձավ Թովմաս Շահվերդյանն էր: Երեկ մամուլը գրել էր, որ Շահվերդյանը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել, բանը հասել է նրան, որ մարզպետարանի աշխատակից է ծեծի ենթարկվել: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև: Վեճն սկսվել է նրանից, որ Շահվերդյանը գրություն է ուղարկել քաղաքապետարանի հիշյալ վարչություն իր բարեկամի համար շինթույլտվություն ստանալու վերաբերյալ, կոշտ պատասխան է ստացել, որից հետո այցելել է մարզպետարան հաշիվ պահանջել Ստեփանյանից: Կողմերի միջեւ թեժ զրույցը վերածվել է ձեռնամարտի, մարզպետարանի աղբյուրներից տեղեկացնում են, որ Շահվերդյանը թղթերի դակիչով հարվածել է Ստեփանյանի գլխին, նրան օգնություն են ցույց տվել մարզպետարանի աշխատակիցները:

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել էր Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի թեկնածությունը։ Վերջինս ԵԿՄ անդամ է, Մանվել Գրիգորյանի սանիկը։ Նախկին իշխանությունների հետ սերտաճած, հատկապես ընտրությունների ժամանակ հայտնի ձեւերով ՀՀԿ-ի համար աշխատած անձը գլուխ է գովել, որ հարցերը լուծել է. մասնավորապես խոսում են, որ նա կարողացել է դուրս գալ ՊՆ ՌՈ մի աշխատակցի վրա, վերջինս կապվել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ ու ինչ-ինչ հանգամանքներից հետո սկսել է իրեն հայտարարել իշխանական թեկնածու, կամ գոնե վերեւից «դաբռո» ունեցող մարդ: Մամուլում նաև հրապարակումներ եղան, որ ընտրություններից առաջ և հետո Արթիկում ակտիվացել են կրիմինալ տարրերը, սակայն, կարծես թե, դա իշխանություններին առանձնապես չի մտահոգում:

Վայոց Ձորի Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի է ընտրվել Վահագն Արսենյանն է։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ Արսենյանները կարկառուն Հանրապետական են եղել։ Ավելին Աշոտ Արսենյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ, բայց ինչպես հետագայում ցույց տվեցին զարգացումները, պաշտոնն ավելի կարևոր է։ Արսենյանն արդեն իսկ լծվել է ՔՊ-ի համար աշխատելու, ամեն հնարավոր և անհնարին ճնշումներով փորձելով հասնել Ամուլսարի հանքի վերագործարկմանը: Ջերմուկում արդեն այս առումով բավական լուրջ դժգոհություններ են հասունանում, բնապահպանները սկսել են մեղադրել Արսենյանին ամեն գնով՝ անգամ օրենքի խախտումով ուզածին հասնելու ցանկության մեջ:

Թալինում ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանին, ըստ մամուլի տեղեկությունների, աջակցում էին Արագածոտնի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանն ու մարզի երբեմնի ՀՀԿ-ական գյուղապետերը: Ընտրություններում հաղթանակ տանելուց անմիջապես հետո Սափեյանը, ով գործնակաում պարտվել էր, ձեռնամուխ եղավ օրենքի խախտումով քաղաքում իշխանության յուրացմանը: Մամուլը բազմիցս էր գրել, որ ուժային կառույցները, այդ թվում՝ ազգային անվտանգության ծառայության Թալինի աշխատակիցները, նույնպես ներգրավվել են ավագանու ընդդիմադիր անդամների և ընտրական ցուցակում գտնվող անձանց նկատմամբ ճնշման գործընթացին: Իսկ ինքը' Սափեյանը, աչք է փակում անգամ դատարանի օրինական վճիռների վրա՝ իրեն կարգելով Թալինի համայնքապետ:

Ինչպես տեսնում ենք՝ նախկինների համար ժամանակին աշխատած անձինք այսօր հարմարավետորեն աշխատում են արդեն հեղափոխական իշխանությունների համար և ժամանակին մերժված բարքերը բանացնում են արդեն ՔՊ-ի դրոշի ներքո: Իսկ իշխանությունները, իհարկե, աչք են փակում վերջիններիս կողմից գործած ապօրինությունների վրա' կլինի դա մարդ ծեծելը, թե պաշտոնեաան չարաշահում կատարելը...