ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ Կ. Կ.-ն, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառքի դիմաց դատապարտյալի համար արգելված իրեր է մտցրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում բուժում ստացող դատապարտյալ Մ. Ա.-ն իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ արգելված իրեր հանդիսացող բջջային հեռախոսներ, դրանց համար նախատեսված լիցքավորման սարքեր և այլ պարագաներ քրեակատարողական հիմնարկ ապօրինի մտցնելու համար նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Կ. Կ.-ին առաջարկել է կաշառք, ինչին վերջինս համաձայնել է:

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի մայիսին Կ. Կ.-ն հանդիպել է Մ. Ա.-ի ազգականին, որն էլ նրան է փոխանցել կաշառքի գումարն ու արգելված իրերը: Կ. Կ.-ն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով վերը նշված իրերը տարել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ օպերատիվ բաժնի աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել են դրանք:

ՔԿՀ պաշտոնատար անձին՝ Կ.Կ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով, իսկ Մ. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: