Երեկ երեկոյան Ազատության հրապարակում ԱԺԲ–ի կողմից իրականացված բողոքի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանների օրինական պահանչը չկատարելու համար։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում էին նաև վիրավորների մասին և անզեն աչքով էլ կարելի էր տեսնել, որ կարմիր բերետավորները բիրտ ուժ են գործադրում ակցիայի մասնակիցների նկատմամբ և նրանց քարշ տալով ինչ-որ տեղ տանում: Շատերի համար ԱԺԲ–ի նման պոռթկումը զարմանալի էր, ի վերջո իրենք բավական երկար ժամանակ սատարել են Նիկոլ Փաշինյանին: Ազգային-ժողովրդավարական Բևեռը ՀՀ ներքաղաքական դաշտում գործում է հակառուսական «թրեքի» վրա՝ հանդես է գալիս ՀՀ–ի արտաքին քաղաքականությունը դեպի ԱՄՆ, դեպի ՆԱՏՕ 180 աստիճանով փոխելու օգտին և ռուսական բոլոր նախաձեռնությունների՝ ՀԱՊԿ–ին, ԵԱՏՄ–ին դեմ: Այնպես չէ, որ Փաշինյանը նրանց սրտով չէ շարժվում: Սակայն, ի վերջո ի՞նչ կատարվեց երեկ: Կա մի քանի վարկած։
Առաջին՝ ԱԺԲ երեկվա բողոքի ակցիան Արևմուտքի մեսիջն էր Նիկոլ Փաշինյանին՝ մայիսի 8-ին ՌԴ նախատեսված այցից առաջ: Օրեր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ մոտ ապագայում շատ բան կարող է փոխվել ՀՀ դիրքորոշման մեջ և ինչպես երևում է՝ ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ նման փոփոխություններ: ԱԺԲ–ի՝ ամիսներ առաջ ԱՄՆ կատարած այցերն ու ամերիկամետ, արևմտամետ հայտարարությունները նպատակ ունեն պարբերաբար «ճնշման» տակ պահել Փաշինյանին, որպեսզի նա չգնա ՌԴ–ի հետ ռազմա–քաղաքական կապերի խորացմանը։ Չի բացառվում նաև, որ երեկվա ակցիան ԱՄՆ կողմից ՝ Փաշինյանի ուժային հեռացման տարբերակի մինի-փորձարկում էր:
Երկրորդ վարկած՝ այս բողոքի ակցիան Փաշինյանի և Բևեռի համատեղ բեմադրությունն էր, որի նպատակն էր շեղել ուշադրությունը Տավուշում զարգացող պրոցեսներից: Ակնհայտ է, որ բողոքի ալիքը թափ է առնում և արդեն իսկ լուրջ սպառնալիք է իշխանությունների համար և հենց այստեղ է որ նրանց կարող է օգնության հասնել ԱԺԲ-ն:
Եվ երորրդ վարկածը՝ երեկվա ակցիան կրկին Փաշինյանի և Բևեռի համատեղ շոուն էր, սակայն, նպատակը փոքր–ինչ այլ էր, այն է՝ բարձրացնել գալիք ռեպրեսիաների գրադուսը: Դրա համար Փաշինյանին այսպես ասած՝ լեգիտիմ պատճառ է պետք, չի բացառվում նաև, որ իշխանությունները յուրայինների շրջանում սակրալ զոհ էլ կտան, միայն թե ստեղծեն հիմք՝ սեփական ժողովրդի դեմ ռեպրեսիաների նոր և աննախադեպ ալիքի համար:
Վարկածներից բոլորն էլ կենսունակ են՝ հաշվի առնելով օրվա քաղաքական իրավիճակը: Մի բան ակնհայտ է՝ Փաշինյանի համար ԱԺԲ–ի հզորացումը ներքաղաքական դաշտում ձեռնտու չէ, քանի որ ամերիկյան ֆինանսական, քաղաքական, ինֆորմացիոն աջակցության և ՔՊ–ի շատ ցածր վարկանիշի դեպքում ապագայում՝ հնարավոր ֆորս–մաժորների դեպքում, ԱԺԲ–ն կարող է դառնալ «լուրջ գլխացավանք» հայաստանյան գործող իշխանություններին։ Փաշինյանի համար ԱԺԲ–ն ձեռնտու է այնքանով, որքանով նա կարողանում է ՌԴ–ի համար դառնալ միակ ընդունելի թեկնածուն՝ գործող իշխանությունը ՀՀ–ում։