Ամիսներ առաջ Արցախում գտնվող ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ուշագրավ մի հայտարարություն էր արել, նշելով, որ առաջնորդվելու են ոչ մի թիզ հող թշնամուն սկզբունքով: Այս հայտարարությունը հնչեց մի ժամանակահատվածում, երբ հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում էին իշխանությունների զիջողական և խաղաղասիրական մոտեցումները: Վանեցյանի հայտարարությունից հետո Իմ Քայլի ՀՀՇ-ական թևը բուռն հակադարձեց՝ տարբեր հարթակներում բարձրաձայնելով այն թեզը, թե Վանեցյանի հնչեցրած սկզբունքով հեռու չենք գնա և որևէ խաղաղ կարգավորման չենք հասնի:
Օրերս էլ մեկ այլ նմանատիպ հայտարարություն հնչեց, սակայն այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնից և ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի կողմից: Հայտարարությունը բովանդակային առումով չէր տարբերվում Վանեցյանի հայտարարությունից և առաջ էր քաշում նոր պատերազմ ՝ նոր տարածքների դիմաց թեզը: Եվ ինչն է այս պարագայում հետաքրքիր: Թերևս այն, որ «Իմ քայլի» նույն ՀՀՇ-ական թևը, ի դեմս կարկառուն լևոնական, իսկ այսօր արդեն՝ իշխանական թիմում հանգրվանած Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրողներից մեկի հետ հարցազրույցում դիվանագիտորեն հակադարձում է Տոնոյանին, հայտարարելով, որ մենք նոր տարածքների կարիք չունենք:
Եվ մեկ ուշագրավ փաստն էլ այն է, որ «Իմ քայլի» ՀՀՇ-ական թևի հետ համամիտ է սորոսական թևը: Օրինակ, կարկառուն սորոսական և «Քաղացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լարա Ահարոնյանը նույնպես հակադարձել է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, հնչեցնելով սորոսական թևին այդքան բնորոշ խաղաղասիրական կոչեր: Հետաքրքիր է, որ այդ կոչերը ըստ երևույթին Բաքու այդպես էլ չեն հասնում, հակառակ դեպքում՝ Մեհրիբան խանումը իրեն թույլ չէր տա ընկնել երազանքների գիրկը և ադրբեջանական դրոշները պատկերացնել Ստեփանակերտում ծածանվելիս:
Հարց է առաջանում՝ այս տարաձայնությունները մեծ խաղի մի մաս են և ուղղված են ներքին ու արտաքին լսարանի՞ն՝ համաձայնեցված լինելով իհարկե Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ իրականում «Իմ քայլի» տարբեր թևերում առկա է լուրջ տարաձայնություն ՝ հատկապես Արցախի հարցում, և այդ տարաձայնություններն այսօր ջրի երես են դուրս գալիս: Ի վերջո, եթե Սորոսը աջակցել է Փաշինյանին և նրա քաղաքական ուժին՝ դա արել է ոչ Փաշինյանի «գեղեցիկ աչքերի» համար: Կան պահանջներ , որոնք պետք է կատարվեն: Կան համաձայնություններ, որոնցից, ըստ էության, Փաշինյանը այսօր փորձում է «թռնել»…