Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, կարծես, չի էլ թաքցնում իր դժգոհությունը իրավապահ մարմինների աշխատանքից: Արդեն որերորդ անգամ է՝ նախարարը կոռուպցիայի դեմ պայքարի ձախողման գլխավոր պատասխանատու է հռչակում հենց ուժային կառույցին: Ստացվում է, որ նախարարությունը անում է հնարավոր ամեն ինչ, փայլուն օրենքներ է մշակում, մինչդեռ թերանում է հենց իրավապահ համակարգը: ՊՎԾ պետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Արգիշտի Քյարամյանը նույնպես հետ չի մնում Բադասյանից: Ոստիկանությունում ծառայած ստուգումների մասով սկանդալը դեռ չէր մարել, երբ տեղեկություն տարածվեց, որ ՊՎԾ-ն հիմա էլ անցնելու է ԱԱԾ-ին: Ի՞նչն է միավորում այս երկու պաշտոնյաներին. իհարկե նրանց կապը սորոսականների հետ: Ստացվում է՝ սորոսականները կրկին ակտիվացել են և կրկին մտել են ուժային բլոկին և նոր ստեղծվող հակակոռուպցիոն խորհրդին տիրանալու համար մղվող պայքարի մեջ:

Վերջիններիս ակտիվությունը փոքր-ինչ մարել էր հայտնի հրաժարականներից հետո, սակայն ակնհայտ է, որ սորոսականները նորից սկսել են մեսիջներ հղել Նիկոլ Փաշինյանին: Հասկանալի է, որ, եթե կոռուպցիայի դեմ պայքարը ձախողվի, կամ օգնեն, որ ձախողվի՝ դա անմիջական և շատ լուրջ հարված է լինելու Նիկոլ Փաշինյանի վարկանիշին և դիրքերին: Բյուջե փող այդպես էլ չի մտնի, իսկ ընդամենը երեկ՝ վարչապետը բացահայտ ակնարկում էր, որ օրինակ՝ պաշտպանական ծախսերի ավելացումը ուղղակիորեն պայմանավորված է լինելու կոռուպցիայի դեմ տարվող պայքարի հաջողությամբ: Արդարադատության նախարարի մակարդակով այսօր այդ պայքարը հայտարարվում է ոչ արդյունավետ: Կգնա՞ արդյոք Փաշինյանը նման ռիսկային քայլի՝ հաշվի առնելով, որ ուժային բլոկի ղեկավարների փոփոխությունը պայմանավորված էր այս առանցքային դիրքերում յուրային անձ ունենալու ցանկությամբ: Յուրայի՞ն են արդյոք սորոսականները Փաշինյանի համար. սա է հարցը:

 

Թերևս Փաշինյանը շատ լավ է գիտակցում արդարադատության ոլորտից զատ նաև ուժային բլոկը «գրանտակերների» հայեցողությանը հանձնելու հավանական ռիսկերը, այդ թվում՝ ռիսկեր, որոնք վերաբերվելու են անմիջականորեն հենց իրեն: Պարզից էլ պարզ է, որ ուժային բլոկը լինելու է վարչապետի հենարանը, իսկ, եթե այդ հենարանը հանկարծ վերանա՞: Ինչևէ, հետաքրքիր զարգացումներ են սպասվում և կարելի է փաստել, որ իշխանության ներսում սորոսականների և ոչ սորոսականների պայքարը ապագայում նորից նոր թափ է հավաքելու…