Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանի գլխին, կարծես թե, մութ ամպեր են կուտակվում: Պաշտոնյան վերջին օրերին բավական հակասական հայտարարություններ է անում, որոնք ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի կողմից կարող են ընդունվել ոչ միանշանակ:
Նախ, որպես նշված կառույցի ղեկավար' Կոտոլյանը ԱԺ էր բերել օրենքի նախագիծ, որի շնորհիվ գազա և բենզա լցակայանների սեփականատերերը այլևս չէին կարողանա խաբել սպառողին, թերակշռել հեղուկ գազը կամ բենզինը: ՔՊ-ականների կողմից այս նախագիծը մերժվեց, սակայն, ուշագրավը այն է, որ Կոտոլյանը հայտարարեց, թե մինչ օրս էլ տնտեսվարողները շարունակում են խաբել սպառողներին: Իսկ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել' կարծես թե նման բարքերը մնացել են հին Հայաստանում: Կոտոլյանը այս կարծիքի հետ համամիտ չէ:
Հարցազրույցներից մեկի ժամանակ էլ Կոտոլյանը հայտարարել էր, որ նախկին քաղաքապետ Մարությանը պայքարել է կոռուպցիայի դեմ: Նա, մասնավորապես, նշել է՝ արդյունավետության մասին գնահատական տվողը ես չեմ ու չեմ կարող տալ, ստատիստիկան չգիտեմ, բայց որ պայքարել է, կարծում եմ՝ այո։ Մինչդեռ հիշեցնենք, որ ՔՊ-ի' Մարությանին ուղղված մեղադրանքների թվում էր նաև անարդյունավետ պայքարը կամ ընդհանրապես այդ պայքարի բացակայությունը կոռուպցիայի հետ:
Արմեն Կոտոլյանը նաև հրաժարվում է մեկնաբանել այն քննադատությունը, թե ավագանին սոսկ գործիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքին: Իսկ ինչո՞ւ է հրաժարվում, եթե համամիտ չէ այդ տարածվող տեսակետին, ի վերջո կարող է և հերքել, հայտարարել, որ նման բան չկա:
Իհարկե, սրանք գլոբալ գաղափարական հակասություններ չեն, բայց նաև գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը չի ներում անգամ նման կալիբրի հակասությունները, հետևաբար, կարելի է ակնկալել, որ շուտով շուկայի վերահսկողության տեսչական մարմինը նոր և ավելի լոյալ ղեկավար կունենա: