Շուտով խորհրդարանական ընտրություններ են, ուստի՝ բոլոր կուսակցությունների համար գերկարևոր խնդիր է դարձել քաղաքական դաշտում հնարավորինս հարմարավետ դիրքավորվելն ու առաջիկա փորձությունը պատվով հաղթահարելը: Իսկ դաշտում դիրքավորվելն, ինչպես հայտնի է, այնքան էլ հեշտ առաջադրանքներից չէ, ու ամենևին էլ ոչ բոլորն են ի վիճակի լինում ճիշտ կողմնորոշվել ու այնպիսի դիրք բռնել, որը հասկանալի ու ընկալելի կլիներ թե՛ ներհայաստանյան հանրությանը, թե՛, որ ոչ պակաս կարևոր է, արտաքին խաղացողներին:
Այն, որ հայաստանյան ներքաղաքական կյանքն ամենևին էլ անկախների թվին չի դասվում, գիտի ցանկացած մեկն, ով քիչ թե շատ գլուխ է հանում համապատասխան ոլորտից. այստեղ բախվում են Արևմուտքի ու Ռուսաստանի շահերն, ինչը նշանակում է, որ միատարրության մասին առհասարակ պետք է մոռանալ ու համակերպվել այն մտքի հետ, որ հայրենի կուսակցություններից շատերը ոչ միայն ի սկզբանե պարտավորված են լինում առաջ տանել հարազատ ժողովրդի շահերը՝ պետական բարձրագույն ատյաններում, այլև՝ համաշխարհային ուժային կենտրոնների, որի հետևանքով է, որ, որպես կանոն, Հայաստանում նախընտրական ժամանկաշրջանում քաղաքական դաշտը բաժանվում է երկու հիմնական ճամբարի՝ արևմտամետների ու ռուսամետների:
Ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, սովորաբար, պայքար է ընթանում այն ամենի շուրջ, ինչը շահավետ է, եկամտաբեր, ու նպաստում է սոցիալական դիրքի ու հեղինակության բարձրացմանը. Հայաստանում իսկական գզվռտոց է սկսվել արևմտամետ ճամբարը ներկայացնել ցանկացող քաղաքական ուժերի միջև, որի զոհը կարող է դառնալ, իսկ ավելի ճիշտ՝ արդեն իսկ դարձել է հանրահայտ Նիկոլ Փաշինյանը: Այսպես՝ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ նոր դեմարշ է սկսվել. «Հայկական վերածնունդ» և «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպանների առաջ հստակ ուլտիմատում են դրել՝ ամենայն լրջությամբ հավաստիացնելով, թե եվրոպացի պաշտոնյաների հետ հրապարակային և փակ հանդիպումները կբոյկոտեն, եթե դրանց մասնակցի ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչի մասին կարող է վկայել այս փոքրիկ պատերազմը, առանձնապես դժվար չէ կռահել. ըստ էության՝ ականատես ենք դառնում միանգամայն շահադիտական կենցաղային մակարդակի վիճաբանության, երբ հանուն ամենաարևմտամետի տիտղոսին արժանանալու, ու, հետևաբար, Արևմուտքի «սերն» ու «հարգանքը» վաստակելու համար՝ միմյանց «կոկորդ են կրծում» նրանք, որոնց համար սույն հարցը, առանց չափազանցությունների, կենաց-մահու արժեք ունի. չունենալով սոցիալական իրական հենք, չունենալով քաղաքական իդեալներ ու մրցունակ գաղափարախոսություն՝ սրանք ստիպված են ապավինել ոչ թե ներքին ռեսուրսներին, այլ՝ դրսի հովանավորությանը:
Թե հատկապես ինչպես ստացվեց, որ Փաշինյանը դարձավ ամենաթույլ օղակը, քննարկման այլ հարց է, բայց, որ այս ողջ պատմությունն ամենևին էլ դրական կողմից չէ, որ բնորոշում է ոչ միայն համապատասխան քաղաքական ուժերին, այլև դաշտն՝ առհասարակ, աներկբա ճշմարտություն է. ակնհայտ իրողություններով պայմանավորված՝ Արևմուտքի քաղաքական արևի տակ տեղը բավական նեղացել է, ինչը ստիպում է մրցակից ուժերին՝ անզիջում պայքար մղել միմյանց դեմ: Իսկ թե ո՞րն է այստեղ պարզ քաղաքացու շահը, թողնում ենք յուրաքանչյուրիդ դատին…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ