Երևանի նորանշանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դեռևս իր երդմնակալության օրը հայտարարել էր, որ քաղաքապետարանում առաջիկայում լուրջ կադրային փոփոխություններ կլինեն։ «Այո՛, կադրային փոփոխություններ կլինեն, քանի որ ցանկացած կառավարիչ իր ոճով է կառավարում և ուզում է տեսնել հաստիքներում մարդկանց, որոնք համահունչ են իր կառավարման ոճին»,–ասել էր նա։
Հարցին, թե որ վարչական շրջանների ղեկավարները հրաժեշտ կտան պաշտոնին' Սարգսյանը պատասխանեց, որ դեռևս ասել չի կարող, սակայն կարող է հայտնել, որ, օրինակ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից շատ գոհ է։ Սարգսյանը ասել էր նաև, որ կան վարչական շրջանների ղեկավարներ, որոնցից դժգոհ է և այդ մասին հետո առանձին կբարձրաձայնի։ Հասկանալի է, որ խոսքն առաջին հերթին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ կադրերի մասին է, որոնց մեծ մասն արդեն իսկ ինքնակամ հեռացել են քաղաքապետարանից, սակայն, վարչական շրջանների ղեկավարները շարունակում են կառավարել և հենց նրանք էլ, ըստ էության, կդառնան Հրաչյա Սարգսյանի առաջին թիրախը։
Իսկ ովքեր են այսպես ասած' ռիսկի գոտում։ Առաջին հերթին հնաբնակները, ում Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել ընտրվելուց անմիջապես հետո։ Խոսքը, մասնավորապես, Մալաթիա Սեբաստիայի թաղապետ Դավիթ Կարապետյանի, Արաբկիրի թաղապետ' Արամ Դանիելյանի, Ավանի թաղապետ Արա Դանիելյանի մասին է։ Բացի այդ, Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը, ըստ մամուլի, Մարությանի մանկության ընկերն է։ Մի քանի թաղապետ էլ նշանակվել են վերջին ամիսների ընթացքում, դիցուք՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը, ում մամուլը նույնպես կապում էր Հայկ Մարությանի հետ: Նա ընդամենը շաբաթներ առաջ էր նշանակվել իր պաշտոնում և մամուլի տեղեկություններով այդ նշանակման «կնքահայրը» հենց Հայկ Մարությանն էր:
Մամուլի տեղեկություններով՝ մինչև վերջին պահը հստակ էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պետք է նշանակվի միջին բիզնեսով զբաղվող գործարար, Նոր Նորքի բնակիչ Գուրգեն Պողոսյանը։ Վերջինս ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է, լավ հարաբերություններ ունի ՔՊ այլ պատգամավորների հետ ևս։ Նա իշխող ուժին շատ է օգնել հիշյալ վարչական շրջանում ընտրությունների ժամանակ։ Գուրգեն Պողոսյանն ինքը մամուլի հետ զրույցում չէր հերքել իր հնարավոր նշանակման մասին տեղեկությունները։ Հայկ Մարությանը, սակայն, այլ որոշում է կայացրել՝ փաստացիորեն մերժելով ՔՊ անդամներին և թաղապետ նշանակելով Սուրեն Ղամբարյանին։ Այսպիսով, պարզ է դառնում, որ Նոր Նորք վարչական շրջանում ՔՊ-ականների կողմից «ստատուս քվոն» կարող է առաջնային կերպով վերականգնվել:
Ըստ էության, հենց վերը նշված անձինք պետք է դառնան Հրաչյա Սարգսյանի առաջին թիրախները այն «չիստկայում», որը նորընտիր քաղաքապետը խոստացել է իրականացնել, սակայն, դեռևս հապաղում է։ Իսկ հապաղման պատճառ կարող է լինել նաև այն, որ Մարությանի հեռանալուց հետո վերջինիս մտերիմ կադրերի հետ ՔՊ-ում լեզու են գտել և չեն շտապում նրանց հեռացնել. ի վերջո կադրային ճգնաժամը, որը առկա էր հեղափոխական թիմում, չի վերացել և անգամ ամենաստորին օղակներում կառավարիչ գտնելը ՔՊ-ականների համար լուրջ գլխացավանք է: