Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» տերմինը չկա, սակայն գրված է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որը պետք է վերահսկեն ՌԴ սահմանապահ ուժերը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է APA-ն:

«Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը։ Բայց նրանք ստորագրել են, իսկ հիմա ուզում են ազատվել այս կետից, բայց դա անհնար է։ Նրանք ուղղակի արգելափակում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ այս ցամաքային կապը կառուցելու հնարավորությունը, և այս պահվածքը, իհարկե, շատ հիասթափեցնող է: Մեր դիրքորոշումը հետևյալն է. եռակողմ հայտարարությունը պետք է հարգվի, և ցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Հայաստանի տարածքով ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմի միջոցով։ Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - ասել է Ալիևը: