Slaq.am. Ինչքան էլ ԲՀԿ–ի շուրջ խոսակցությունները ծավալվեն խիստ ծայրահեղական մոտիվներով, կամ ԱԺ–ում ու Երևանի քաղաքապետարանում ԲՀԿ–ի մանդատի վերաբերյալ, այնուամենայնիվ ընդունված է վստահաբար ասել, որ սպորտը ԲՀԿ–ին է պատկանում, ու դժվար էր պատկերացնել, որ սպորտի նախարար կարող է լինել Գագիկ Ծառուկյանի թիվ մեկ հակառակորդը՝ Յուրի Վարդանյանը։ Մի բան է զարմանալի ու ինչ–որ տեղ նաև խորհրդանշական։ Սպորտի նախարարությունում Օլիմպիական կոմիտեի նախագահի և սպորտի նախարարի աշխատասենյակները գտնվում են դեմ–դիմաց։ Փաստորեն, այս դեպքում 2 մարդիկ, ովքեր իրար, մեղմ ասած, այդքան էլ չեն սիրում, դեմ-դիմաց աշխատասենյակներում են աշխատելու։ Այլ հարց է, որ ամիսներ շարունակ Գագիկ Ծառուկյանը չի լինում իր այդ աշխատասենյակում։

Սպորտի նախարարի նշանակումից պարզ երևում է Հանրապետականի հավակնությունները, այլ կերպ ասած՝ ՀՀԿ–ն սպորտի ոլորտը փորձում է վերցնել ԲՀԿ–ի ձեռքից։ Իսկ արդյոք հնարավո՞ր է, որ Օլիմպիական կոմիտեն էլ վերցնեն Գագիկ Ծառուկյանի ձեռքից։ Եվ հատկանշական է, որ թեև ընդունված է կարծել, որ սպորտի ոլորտը ֆինանսավորում է միայն Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ կան այլ մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել սպորտի բնագավառում. Սամվել Կարապետյան, Մաքսիմ Հակոբյան, Սուրեն Խաչատրյան։

Հ.Գ.– Այնուամենայնիվ, այստեղ կա մի փաստ, որը պետք է անտեսել։ Այն, որ քաղաքական ուժերի բախումից ու ցանկությունից չտուժի հենց սպորտը ու չգնա կործանման։ Ու եթե տարիներ առաջ բազմաթիվ հայտնի մարզիկներ լքեցին Հայաստանը, ապա Գագիկ Ծառուկյանի ջանքերով, սպորտի վարպետներն ու նվիրյալները, ոչ միայն հետ եկան, այլ նաև այս շրջանում մարզիկների արտագաղթ տեղի չունեցավ: Հույս ունենք, որ այսուհետ ևս մարզիկները չեն լքի Հայաստանը։