«Ընդհանուր առմամբ գնահատականը պարզ է. մենք ունենք օֆշորային իշխանություն»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց քաղաքագետ Հայկ Բալանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ հանած հայտնի օֆշորային պատմությանն ու հեղինակներին: «Չեմ պատկերացնում բազմամիլիոնանոց բիզնես մեր նման փոքր երկրում՝ վարչապետի անունով և առանց վերջին պահակի և տաքսիստի իմացության: Եվ Ա. Սուքիասյանի բացատրությունները անտրամաբանական են, քանի որ ՀՀ Վարչապետի անունը զորեղ և միաժամանակ հայտնի կարող է լինել միայն Հայաստանում, բայց ոչ այլ երկրի օրենսդրության առջև: Կամ էլ օֆշորում գրանցվելը ուղղակի ավելորդ է և անիմաստ»:

Քաղաքագետը հանգում է այն հետեւության, որ նույնիսկ վարչապետի պաշտոնը և Կճոյանի հեղինակությունը չեն համարվում բավարար՝ սեփականության և բիզնեսի անձեռնմխելիության ապահովման համար:

«Իշխող դասը այնքան չի վստահում իր իսկ ձեռքերով կառուցած համակարգին, որ գերադասում է իրավական պաշտպանություն որոնել օտար պետության օրենքում: Սա, իհարկե, դատավճիռ է գործող վարչակարգին, քանի որ ցույց է տալիս, որ այդ մարդիկ հույս չունեն Հայաստանում հանգիստ վայելել հարստությունը, և այդ ունեցվածքի պահպանությունը վստահում են այլ երկրների չինովնիկներին: Մյուս կողմից, քանի որ մեր իշխանավորների բանկային հաշիվները, ունեցվածքի զգալի մասը, ամառանոցները և տները, այսինքն' նահանջելու տեղերը դրսերում են, ապա և վերահսկվում են այդ դրսի ուժերի, չինովնիկների և օրենքի կողմից»,-ասաց Հ. Բալանյանը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե վերջին շրջանում աղմուկ հանած օֆշորային սկանդալը եւ դրանում հոգեւոր սպասավորի անվան ներգրավվածությունը արդյո՞ք չի վնասում եկեղեցու սպասավորների հեղինակությանը եւ չի՞ նվազեցնում վստահությունը, Հ. Բալանյանը պատասխանեց.

«Իհարկե, հեղինակության վնաս կա անկասկած: Բայց չեմ կարծում, որ եկեղեցու արժեքի մասին արժե սևեռվել և կենտրոնանալ: Դա, ի վերջո, հավատացյալների խնդիրն է, իսկ օրենքը բոլորինն է»:

Ինչ մնում է Ա. Սուքիասյանի' ՀՀ դատախազին հասցեագրված նամակին, քաղաքագետը ասաց, որ միգուցե և նամակը իսկական է, սակայն մեզանում կատարվող իրավական գործընթացները իսկական չեն: «Հետևաբար այդ բիծը մնալու է, և մեղադրվող անձանց արդարացումը լինելու է միայն «թղթերով», ուստի' թերի, խոցելի, ոչ լիարժեք: Նամակը վստահության, լեգիտիմության, օրինականության խնդիրը չի լուծում: Տրված բացատրությունները ուղղակի ծիծաղելի են, դրանք նույնիսկ չարժեն այն թղթին, որի վրա գրված են»: