Այսօր Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում' վերգետնյա անցումի մոտ, բազմաթիվ մարդիկ էին հավաքվել: Aysor.am-ի թղթակիցը ևս այնտեղ էր: Մոտակա խանութների ու սրճարանների աշխատակիցներից բացի դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկաններն ու ԱԻՆ փրկարարները: Վերջիններս երկար սանդուղքներ էին իջացնում դեպի Գետառի հունը, որպեսզի փրկեն ներքևում հայտնված շանը, որի թաթերը կապված էին կպչուն ժապավենով:

 

Մեր թղթակիցը ներկաներից հետաքրքրվեց, թե ինչպես է կենդանին հայտնվել ներքևում: Պարզվեց' շանը կերակրում են մոտակա սրճարաններից մեկի աշխատողները: Նրանց խոսքով' կենդանին հանգիստ է և երբեք անհանգստություն չի պատճառել ոչ անցորդներին, ոչ սրճարանի հաճախորդներին:

 

Անօգնական շան ձայնը լսել ու ԱԻՆ զանգել է մի երիտասարդ:

 

Ոչ ոք չի նկատել, թե ով է կապել շան թաթերն ու նրան նետել գետը:

 

Aysor.am-ն օրերս անդրադարձել էր կենդանիների հետ դաժան վերաբերմունքի դեպքերին ու օրենսդրական բացերին: Հիշեցնենք ևս մեկ անգամ' ոլորտը կարգավորում է միայն ՀՀ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 92 հոդվածը (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը): Այն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Նշենք նաև, որ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատժի ոչ մի նախադեպ մեզ մոտ դեռ չի գրանցվել:

 

ՀԳ. Սևուկը, ինչպես պարզվեց ավելի ուշ այսպես է Գետառում հայտնված շունիկի անունը, շատ մարդամոտ էր: Անգամ նման դաժան վերաբերմունքի արժանանալուց հետո ոչ մի անգամ չհաչաց, հակառակը' փրկվելուց անմիջապես հետո վազեց իրեն կերակրող կանանց մոտ: