Արդեն ավարտվում է աշնան երկրորդ ամիսը, իսկ ընդդիմության «Ժառանգության» խոստացված թեժ աշնանը սպասվող համազգային հեղափոխությունը չի նկատվում:

 

HayNews.am-ը փորձեց ընդիմադիր երկու թևերից' «Ժառանգությունից», ՀԱԿ–ից, ինչպես նաև իրենց այլընտրանքային ուժ համարող ԲՀԿ-ից ճշտել, թե ի՞նչ է սպասվում դեռ փոփոխություններ ակնկալող ՀՀ քաղաքացիներին:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արեմն Մարտիրոսյանը ասաց, որ ընդիմության կողմից դրսևորվող պասիվության պատճառները մի քանիսն են. «Նախ, երբ ասում էինք հեղափոխություն է լինելու, ասում էինք, որ դրա անհրաժեշտությունը կա, այսօր այդ արմատական փոփոխության կարիքն ավելի է մեծացել: Մենք անկախության տոնի հետ կապված հանրահավաք իրականացրեցինք, որն առանձնապես աչքի չընկավ մեր քաղաքացիների ակտիվությամբ: Խորհրդարանական քաղաքական ուժերը ևս մասնակցություն չունեցան հանրահավաքին: Բացի այդ, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք միասնական պայքարին հավասար սկզբունքներով, իսկ այդ կոչին նույնպես միացող չկա: Պատճառներից մյուսը վերջերս Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր' Մաքսային միությանը միանալու մասին: Ըստ էության' այս պահին խորհրդարանական կուսակցություններից միայն «Ժառանգությունն» է, որ հստակ իր դիրքորոշումն է հայտարարել այդ հարցի շուրջ և կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ չէ, ու Հայաստանը պետք է ստորագրի ասոցացման համաձայնագիրը: Եվ, վերջապես, կա նաև առարկայական գործոններ, դրանք են' կուսակցությունների ֆինանսեր չունենալը և միասնության բացակայությունը»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի' չնայած քաղաքական ուղղություններում հանրահավաքը կամ Զորի Բալայանի նամակը բավարար է, որ ակտիվություն լինի, սակայն հիմնական քաղաքական ուժերը չեն ցանկանում արձագանքել դրանց. «Մեր քաղաքացիներն էլ չեն ցանկանում անմիջականորեն միանալ պայքարին, այլ ուզում են, որ ինչ-որ մեկը պայքարի և հաղթի: Այսօր չկա որևէ քաղաքացի, որ չբողոքի, բայց այդ բողոքը միայն զրույցների շրջանակով է սահմանափակվում: Բացի այդ, ժողովուրդը նույնպես ընդդիմության մեջ միասնություն է ուզում»։

Այն հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության մոտ չկա միասնությունը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Պատճառներից մեկը նախանձն է: Ուժերը այլ ծրագրեր են ունենում: Ղեկավարների կողմից անձնական հակակրանքի գործոնը նույնպես կա: Ցավոք, Հայաստանում շատ բաներ անձերով է պայմանավորված: Հայաստանում միայն միասնությամբ կարելի է լուրջ արդյուքների հասնել»:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով' պասիվություն չկա և Ազգային կոնգրեսը բավականին ակտիվ է անդամների ելույթներով և քաղբանտարկյալների պաշտպանությամբ:

Իսկ ինչ վերաբերվում է միասնական ընդդիմադիր դաշտ ստեղծելուն' ՀԱԿ պատգամավորն ասաց. «Այս երկիրն ունի խնդիր օրինական իշխանություն ձևաևորելու, ովքեր կողմ են այս գաղափարին, նրանք իմ ընկերներն են: Բոլոր այն մարդիկ, ովքեր այս երկրի խնդիրը օրինակ իշխանություն ունենալն է, ես այդ մարդկանց ընդունում եմ և աջակցում»:

Իրենց այլընտրանքային քաղաքական ուժ համարող ԲՀԿ–ի պատգամավոր Նաիրա Զուրաբյանի խոսքերով էլ' ԲՀԿ-ն այսօր ամենաարդյունավետ աշխատող քաղաքական ուժն է. «Անլուրջ է ԲՀԿ–ի գործունեությունը պասիվ որակումներ տալը, որովհետև մենք շատ ակտիվ ենք աշխատում, այլ բան է, որ կառավարությունը հստակ քաղաքականությամբ մեր բոլոր առաջարկները մերժում է: Երկրի համար բազմաթիվ կարևորագույն օրենսդրական նախաձեռնություններ ենք առաջարկել, որոնք բոլորը մերժվել են: Դրանցից վերջինը' նվազագույն աշխատավարձը ՀՀ–ում 75 հազար դրամ սահմանելը ևս մերժեց կառավարությունը»:

Ինչ վերաբերվում է երկրում հեղափոխություն իրագործելուն' ԲՀԿ պատգամավորն ասաց, որ իրենք երբեք հեղափոխության մասին չեն խոսել և չեն նախապատրաստվել դրան. «Մենք գտնում ենք, որ երկիրը կանգնած է լրջագույն համակարգային փոփոխությունների անհրաժետության առջև: Մենք իրական այլընտրանքային ուժ ենք և մեր ծրագրերն անում ենք շատ գրագետ, առանց գոռում-գոչյունների, առանց միջազգային հարթակներում սկանդալների և հիստերիաների: Մենք հանրահավաքներով հարցեր չենք լուծում, այլ կոնկրետ գործ ենք անում, որովհետև մենք հարթակներից անիմաստ խոսացողներից չենք»: